Երևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամառվա առաջին շոգ օրերն արդեն լուրջ խնդիրներ են առաջացրել Երևանի մի շարք բնակիչների համար։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում, բնակիչները մի քանի օր շարունակ բախվում են ջրամատակարարման խափանումների։ Այս իրավիճակը մեծ դժգոհություն է առաջացրել հատկապես այն պայմաններում, երբ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ։
Միաժամանակ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից փոփոխություններ են կատարվելու ջրամատակարարման գրաֆիկում, ինչի հետևանքով որոշ հատվածներում գիշերային ժամերին նույնպես ջրի մատակարարումը սահմանափակվելու է։ Բնակիչները նշում են, որ արդեն իսկ հաճախակի են դարձել ջրի ճնշման անկումները և անսպասելի անջատումները, իսկ նոր սահմանափակումները կարող են ավելի բարդացնել առօրյան՝ ստեղծելով նաև հիգիենայի և կենցաղային պայմանների հետ կապված խնդիրներ։
Քննադատների կարծիքով՝ նման իրավիճակում պետական կառույցները պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնեին ջրամատակարարման ոլորտում և համապատասխան արձագանք տային ծառայության որակի վերաբերյալ դժգոհություններին։ Սակայն, նրանց գնահատմամբ, «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության նկատմամբ բավարար պահանջկոտություն չի ցուցաբերվում, ինչի հետևանքով առկա խնդիրները շարունակվում են առանց տեսանելի լուծումների։
Այս ֆոնին ընդդիմախոսները մատնանշում են, որ իշխանությունների մոտեցումը տարբեր ոլորտներում նույնը չէ։ Նրանք հիշեցնում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեպքում պետական կառույցները ցուցաբերեցին կոշտ դիրքորոշում և նախաձեռնեցին լայնածավալ գործընթացներ, մինչդեռ ջրամատակարարման ոլորտում, իրենց համոզմամբ, նման ակտիվություն չի նկատվում։
Նույն շրջանակները պատճառներից մեկը տեսնում են նաև ընկերության օտարերկրյա ծագման մեջ՝ պնդելով, որ իշխանությունները խուսափում են կոշտ քայլերից՝ արտաքին քաղաքական հարաբերությունները չվնասելու նպատակով։ Նրանց կարծիքով՝ արդյունքում առաջնային պլան չի մղվում քաղաքացիների առօրյա խնդիրների լուծումը, և երևանցիները շարունակում են ամառային շոգի պայմաններում բախվել կենսական նշանակություն ունեցող ծառայության խափանումներին։
Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է պահում մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդյունավետության հարցը և այն, թե որքան արագ ու արդյունավետ կարձագանքեն պատասխանատու կառույցները բնակիչների բարձրացրած խնդիրներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



