Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահին
POLITICSՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 19-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի Թորքամանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորել է Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատել հայ–իրանական բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի:
Նախարարը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ նոր շենքում մեզ այցելած առաջին միջազգային պատվիրակությունը մեր ամենամոտ հարևանն է: Այսպիսի ասացվածք կա՝ «Լավ հարևանը լավ հարազատից էլ լավ է»: Իրանի պարագայում այդպես է: Խորապես շնորհակալ ենք, որ իրանական կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Իրանի Իսլամական Հանրապետությունում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն»:
Աբուզար Էբրահիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, շնորհավորել նոր շենքում հաստատվելու կապակցությամբ, հույս հայտնել, որ նոր շենքում էլ ավելի շատ լավ առիթներ ու մշակութային կարևոր իրադարձություններ նշելու առիթներ կլինեն: Նա, մասնավորապես, նշել է. «Իմ ղեկավարած կազմակերպությունը պատասխանատու է Իրանում տարբեր կրոնների երկխոսության համար: Զբաղվում ենք տարբեր կրոնների ներկայացուցիչների, մասնավորապես, փոքրամասնությունների պաշտպանության հարցերով»:
Աբուզար Էբրահիմին անդրադարձել է նաև Իրանի վեց միլիոնանոց սփյուռքի հետ տարվող աշխատանքներին, հատկապես մշակութային կապերին: Նա կարևորել է հայրենիքի հետ մշակութային ամուր կապերի դերը Սփյուռքի պահպանման և զարգացման համար, ինչի վառ օրինակ է Իրանի հնամյա և ծաղկուն հայկական համայնքը:
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի Թորքամանը մասնագիտությամբ իրավաբան է: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:



