Եվրոպական շուկաների առասպելը փլվո՞ւմ է․ գյուղացին կանգնած է նոր խնդիրների առաջ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական շուկաների խոստումներից մինչև չիրացված բերք․ գյուղացին կրկին մնում է միայնակ
Ընտրություններից առաջ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ գյուղատնտեսության ոլորտը մնալու է իրենց ուշադրության կենտրոնում, բերքի իրացման խնդիրներ չեն առաջանալու, իսկ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվելու։ Հատկապես ակտիվորեն խոսվում էր եվրոպական ուղղության մասին, որը ներկայացվում էր որպես արտահանման հեռանկարային այլընտրանք։
Սակայն ընտրական գործընթացների ավարտից հետո իրավիճակը սկսում է այլ պատկեր ստանալ։ Այն խոստումները, որոնք ամիսներ շարունակ ներկայացվում էին որպես տնտեսական զարգացման ուղենիշ, այսօր աստիճանաբար բախվում են իրականության հետ։ Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն արդեն իսկ վկայում են, որ եվրոպական շուկաները հայկական գյուղմթերքի համար այնքան էլ հասանելի և շահավետ չեն, որքան նախկինում ներկայացվում էր։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ լոգիստիկ ծախսերը բարձր են, աշխարհագրական հեռավորությունը՝ զգալի, իսկ եվրոպական շուկաներում մրցակցությունը՝ չափազանց մեծ։ Փաստորեն, այն հարցերի մասին, որոնց շուրջ մասնագետները տարիներ շարունակ զգուշացումներ էին հնչեցնում, այժմ խոսվում է նաև պաշտոնական մակարդակով։
Միաժամանակ տնտեսության մեջ շարունակում է կարևոր դեր ունենալ ռուսական շուկան, որտեղ հայկական գյուղմթերքն ավանդաբար ավելի մրցունակ պայմաններում է իրացվում։ Մասնագետների գնահատմամբ՝ բազմաթիվ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանում վաճառքի գներն ավելի շահավետ են, մինչդեռ եվրոպական ուղղությամբ արտահանման դեպքում արտադրողները հաճախ բախվում են լրացուցիչ ծախսերի և եկամտաբերության նվազման խնդրին։
Մինչ պետական կառույցները շարունակում են լուծումներ փնտրել, գյուղատնտեսական համայնքներից արդեն ահազանգեր են հնչում։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ մի շարք խոշոր տնտեսություններում իրացման դժվարությունների պատճառով բերքի մի մասը սկսել է կուտակվել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փչանալու վտանգ է առաջացել։ Գյուղացիները մտահոգված են, որ եթե ներկայիս խնդիրները չլուծվեն, առաջիկայում իրավիճակը կարող է ավելի բարդանալ։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ դեռ առջևում է ծիրանի և այլ ամառային մրգերի ակտիվ սեզոնը։ Արտահանման ծավալների աճի պայմաններում լոգիստիկ և շուկայական խնդիրները կարող են ավելի սրվել՝ ստեղծելով լրացուցիչ ճնշում գյուղատնտեսական տնտեսությունների վրա։
Այս պայմաններում հիմնական հարցը մնում է անփոփոխ․ ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի գյուղացին չմնա իր խնդիրների հետ միայնակ և չկրի տնտեսական քաղաքականության բացթողումների հետևանքները։ Առայժմ հստակ պատասխաններ չկան, իսկ գյուղերում աճող մտահոգությունները վկայում են, որ խնդիրը պահանջում է ոչ թե հերթական խոստումներ, այլ արագ և արդյունավետ լուծումներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



