Լեհաստանի Զաբժե և Հայաստանի Քաջարան քաղաքները կխորացնեն համագործակցությունը
SOCIETYԼեհաստանում ՀՀ դեսպանությունում փետրվարի 17-ին տեղի է ունեցել դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի Զաբժեի քաղաքապետ տիկին Մալգոժատա Մանկա-Շուլիկի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանի Զաբժե և Հայաստանի Քաջարան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հետ կապված հարցեր: Երկու քաղաքների միջև համագործակցության շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել 2015 թվականի ընթացքում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի Զաբժե կատարած ճանաչողական այցի ընթացքում:
Դեսպան Ղազարյանը ողջունել է երկու քաղաքապետերի նախաձեռնությունը` ընդգծելով, որ Լեհաստանի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը խրախուսվում է երկու պետությունների կողմից, և հայտնել է Լեհաստանում ՀՀ դեսպանության պատրաստակամությունն ամենայն աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Դեսպանը նաև նշել է, որ երկու քաղաքների միջև կան բազում ընդհանրություններ, ինչը հնարավորություն է ստեղծում ոչ միայն բարեկամության հաստատման, այլև տնտեսության, բնապահպանության, մշակույթի, արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում փորձի փոխանակման համար:
Զաբժեի քաղաքապետը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Քաջարանի հետ ապակենտրոնացված համագործակցությունն իր ներդրումը կունենա Հայաստանի հետ բարեկամության առավել ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվել է 2016 թվականի ամռանը Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրերին Հայաստանից ժամանող երիտասարդների՝ Զաբժե այցելելու կարևորությունը:
Հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. աշնանը Զաբժեում «Հայկական օրեր» խորագրով մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցում:



