Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար
ANALYSISՀՀ վարչական դատարանի նախագահի վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
«Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։ Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,- գրել է նա։
Արցախի ներկայացուցչության շենքի զավթումը գործող իշխանությունների կողմից լիովին տեղավորվում է Արցախի էջը փակելու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ։ Հիշեցնենք՝ Արցախի հայաթափումից հետո փաշինյանական իշխանությունը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանում չի կարող լինել Արցախի իշխանության որևէ մարմին։ Ավելին՝ ամեն ինչ արվել է Արցախի նախագահի, Ազգային ժողովի, մյուս ինստիտուտների հարցը վերջնականապես փակելու, այդ կերպ Ադրբեջանի նախագահ Ալիևին իրենց հավատարմությունը ցույց տալու համար։ Ընդ որում, Արցախի ներկայացուցչության շենքը խորհրդանշական կարևորություն ունի։
Առնվազն ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները դեռևս կան, գոյություն ունեն, և էջը փակված չէ, ուստի տևական ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ փորձում էին անել այդ շենքը զավթելու, այնտեղից Արցախի ներկայացուցիչներին հեռացնելու համար։ Ըստ էության, վարչական դատարանով էլ հաստատվել է իշխանության պահանջը։ Եվ քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է գտնվում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ՝ այն ամեն ինչ անելու է Արցախի էջը վերջնականապես փակելու նպատակով։
Աննա Մարգարյան



