«Լայն ճանապարհ», որն ավելին է, քան լոկ փողոցը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բրոդվեյն ուղղակի փողոց չէ, այն թատրոնների, մյուզիքլների և զանգվածային մշակույթի համաշխարհային խորհրդանիշ է ԱՄն–ի Նյու Յորք քաղաքում։ «Բրոդվեյ» անունն այդ փողոցը ստացել է անգլերեն «Broad Way» բառից, որը նշանակում է «լայն ճանապարհ»։
Այսօր «Բրոդվեյ» բառը վերաբերում է ոչ միայն Նյու Յորքի Բրոդվեյ փողոցին, այլ նաև Բրոդվեյի թատրոնին, ինչպես նաև ամենաբարձր մակարդակի կոմերցիոն թատերական հաստատություններին (հատկապես մյուզիքլներին)։
Ի սկզբանե Բրոդվեյը եղել է Լենապե հնդկացիների ցեղի արահետ, որը օգտագործվել է ճանապարհորդության և առևտրի համար։ 1620-ական թվականներին հոլանդացիներին պատկանող այդ արահետը վերածվել է ճանապարհի։ Այն ժամանակ այնտեղ ամեն ինչ հոլանդացիներինն էր, իսկ քաղաքը կոչվում էր Նոր Ամստերդամ։
Անգլիացիների կողմից 18–րդ դարում իշխանությունը վերցնելուց հետո քաղաքը վերանվանվեց Նյու Յորք, իսկ այդ ճանապարհը՝ Բրոդվեյ։ 19-րդ դարը Բրոդվեյի համար թատերական դարաշրջանի սկիզբն էր, այդ փողոցում սկսեցին հայտնվել թատրոններ։ 19-րդ դարի վերջին Բրոդվեյի Թայմս Սքվերի ամբողջ շրջակայքը դարձավ զվարճանքի կենտրոն։ Իսկ 20-րդ դարը Բրոդվեյի «ոսկե դարն» էր: 1920-ականներից 1950-ականները մյուզիքլների ծաղկման ժամանակաշրջանն էր։ Ի հայտ եկան լեգենդար ներկայացումներ և կոմպոզիտորներ, ու Բրոդվեյը դարձավ երաժշտական թատրոնի համաշխարհային չափանիշ։
Ի դեպ, Բրոդվեյը աշխարհի ամենաերկար փողոցներից մեկն է (մոտավորապես 53 կմ), իսկ Թայմս Սքվերի լույսերը մնում են վառ օրական 24 ժամ, և այդ ավանդույթը 20-րդ դարի սկզբից ի վեր է։ Ճանապարհն անցնում է ամբողջ քաղաքով և շարունակվում դեպի հյուսիս՝ անցնելով փոքր քաղաքներով մինչև Ալբանի։ Սակայն նույնիսկ Նյու Յորքի նման հսկա քաղաքի համար է Բրոդվեյն աչքի ընկնում իր երկարությամբ. քչերը կանցնեին դրա նույնիսկ կեսը մեկ օրում։ Բրոդվեյը քիչ նմանություն ունի այլ քաղաքների գլխավոր մայրուղիների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Նևսկի պողոտան կամ Ելիսեյան դաշտերը։ Բրոդվեյում բացակայում են գերշքեղ հյուրանոցները, քաղաքի գլխավոր թանգարանները կամ կառավարական գրասենյակները։ Բրոդվեյը հիմնականում կապված է նեոնային լույսերի, թարթող գովազդների և տպավորիչ շոուների հետ, և այդ փողոցը, ընդհանուր առմամբ, արդարացնում է այդ սպասումները։
Իսկ, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Բրոդվեյը: Այն ներառում է Թատերական թաղամասում (Մանհեթեն) գտնվող 41 պրոֆեսիոնալ թատրոն, որի յուրաքանչյուր դահլիճում տեղավորվում է 500 + հանդիսատես, ինչպես նաև փոքր թատրոններ, որոնք կոչվում են Off-Broadway և Off-OffBroadway։ Բրոդվեյում են եղել ամենաշատ եկամուտ ապահոված մյուզիքլները՝ «Առյուծ արքան», «Օպերայի ուրվականը» և այլն: «Թոնի» մրցանակաբաշխությունը Բրոդվեյի, այսպես ասած, «Օսկարն» է։ Բացի դա, Բրոդվեյի ներկայացումները շրջագայում են ամբողջ աշխարհում, Բրոդվեյի շատ երգեր դառնում են համաշխարհային հիթեր։ Բրոդվեյը մեծ ազդեցություն է ունեցել կինոյի, երաժշտության և փոփ մշակույթի վրա։ Շատ ֆիլմեր և մուլտֆիլմեր հիմնված են նրա մյուզիքլների վրա։ Ընդ որում, ինչպես առաջ, այնպես էլ հիմա Բրոդվեյը երազանք է աշխարհի հազարավոր դերասանների համար։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



