Ձերբակալվել է վեճի ժամանակ 22-ամյա երիտասարդի ականջը կտրած անձը
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կասկածյալը ձերբակալվել է:
Նախնական քննության տվյալներով, 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակով կտրել է 22-ամյա երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2016 թվականի փետրվարի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է արնանման հետքի 4 նմուշ: Մարմնական վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է, 23 տարեկան։ Վերջինս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով փետրվարի 16-ին ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։



