Հրեաների, նացիստների, անկումների և վերելքների «գարեջրյան» պատմություն. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Խմիչքների որոշ տեսակներ առավել հայտնի են այս կամ այն տարածքում: Օրինակ՝ Լյովենբրոյ գարեջուրը բավականին տարածված է հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ուշագրավ է, որ այդ մյունխենյան գարեջուրն ավելի քան 500 տարեկան է։ Ավելին, այդ խմիչքի պատմությունը Մյունխենի պատմության մի մասն է:
Փրկված տարեգրություններում և եկեղեցական գրքերում կարելի է գտնել գարեջրագործ Յորգ Շնայթերի անունը, որն ապրում էր Լյովենգրուբե փողոցում։ Հին փաստաթղթերում դա վերագրվում է 1524 թվականին: Իսկ կոնկրետ Լյովենբրոյ անվան առաջին հիշատակումը կարելի է գտնել 1746 թվականի փաստաթղթերում: Նման անվան տակ էլ այդ գարեջուրը ներառվել է մյունխենյան գարեջրագործների կատալոգում։
Հնարավոր է, որ Մյունխենի այդ փոքրիկ գարեջրի գործարանը ժամանակի ընթացքում երբեմն փակվել է, ինչպես շատ ուրիշները, բայց փաստագրված է, որ 1818 թվականին այն ձեռք է բերել Գեորգ Բրեյը: Նա գյուղացիական ծագում ուներ և հիանալի գարեջրագործ էր։ Հենց նրա գլխավորությամբ էլ սկսվել է առյուծի անվանում կրող այդ գործարանի տնտեսական բարգավաճումը։ 1826 թվականից այն տեղափոխվել է Նիմֆենբուրգեր փողոց, բայց բոլոր սարքավորումները ամբողջությամբ տեղափոխվել են նոր գործարան միայն 1851 թվականին։ Անցել է ևս 12 տարի, և Լյովենբրոյը դարձել է Մյունխենի գարեջրի ամենամեծ արտադրողը. այն արտադրում էր այդ ըմպելիքի գրեթե մեկ քառորդը:
Հաջորդ կարևոր իրադարձությունը գարեջրի գործարանի վերափոխումն էր բաժնետիրական ընկերության 1872 թվականին։ Արտադրությունը շարունակել է աճել։ 1886 թվականին ավարտվել է գործարանի նկուղի շինարարությունը։ Նույն թվականին առյուծն է պաշտոնապես դարձել այդ ընկերության ապրանքանշանը, և արդեն քսաներորդ դարի սկզբին Լյովենբրոյը դարձել է Գերմանիայի ամենամեծ գարեջրի գործարանը:
Մինչև 1936 թվականը Լյովենբրոյ գարեջրի գործարանները տարեկան արտադրում էին ավելի քան 100 միլիոն լիտր գարեջուր, սակայն հրեական Շուլ յայն ընտանիքը, որին 1921 թվականից պատկանում էին այդ գարեջրի գործարանները, ստիպված էր փախչել երկրից Նացիստական կուսակցության սպառնալիքների պատճառով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Շուլ յայն ընտանիքը վերականգնել է գարեջրի գործարանի նկատմամբ իր իրավունքները, և արդեն 1948 թվականին սկսվել է գարեջրի առաջին հետպատերազմյան արտահանումը Շվեյցարիա: Շնորհիվ իրավասու մենեջմենթի, ընկերությունը արագորեն կրկին դարձել է հայտնի գարեջուր արտադրող։ Այդ գարեջուրը հատկապես տարածված էր ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ այն դարձել էր մյունխենյան գարեջրի հոմանիշը։ Հետո գարեջրի գործարանի բաժնետոմսերի մեծ մասը գնել է Ավգուստ ֆոն Ֆինկը, որը գործարանը տարել է դեպի անկում։ 1997 թվականին ընկերությունը վերակազմավորվել է և հաջորդ տասը տարիների ընթացքում ձեռքից ձեռք անցել, մինչև վերջապես 2005 թվականին չի դարձել բելգիական InBev գարեջրագործական կոնցեռնի սեփականությունը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



