«Ոմանք փրկում էին մարդկանց, ոմանք՝ իրենց սառնարանները»․ բնակելի շենքի պայթյունի մանրամասները (լուսանկարներ)
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ լուսադեմին պայթյուն էր տեղի ունեցել ՌԴ Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում։ Պայթյունը տեղի էր ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Այն 7 հոգու կյանք է խլել, որոնցից 2-ը երեխաներ են։ Կան բազմաթիվ վիրավորներ։ Շենքին նայելիս թվում է, թե այդ մուտքը չի էլ եղել՝ առաջինից հինգերորդ հարկի տներն ամբողջովին փլուզվել են։ Փլատակների տակից միայն իրեր են երեւում։
«Քնած էի, երբ ամուսինս գոռաց՝ հրդեհ է։ Վազեցինք դեպի դուրս, հրդեհի ալիքներ էին, ծուխ, հարեւանները վազում էին դուրս։ Մեր բախտը բերել է, առաջին հարկում ենք ապրում, արագ դուրք եկանք»,- պատմում է բնակչուհիներից Օլգան։
Դեպքի վայրում առաջիններից մեկը հասել է Իգոր Ֆյոդորովը։ «Բարձր ձայն լսվեց, առավոտյան 5-ի կողմերն էր, հետո պայթյունը տեղի ունեցավ։ Դուրս եկա բակ ու տեսա, որ հարեւան շենքի մուտքը, որում իմ քեռին է ապրում, քանդվել է։ Շտապօգնություն ու փրկարարների կանչեցի։ Մտածում եմ՝ պառկում ես քնելու ու չգիտես՝ ողջ կարթնանաս, թե ոչ»,- ասում է Իգորը։
Մինչ փրկարարների գալը երիտասարդը փորձել է օգնել մարդկանց։ «Մի կին սեղմվել էր պատի արանքում, փորձում էի հանգստացնել, օգնել։ Փրկարարները երբ եկան, առաջինը մի երիտասարդ աղջկա հանեցին, բայց նրա ոտքը կտրվել էր։ Հետո էլի ոմանց․․․»,- հիշում է նա։
Ցավոք, բոլորին փրկել չհաջողվեց, 7 հոգի մահացան, իսկ 10-ը այսօր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում են։ Հարեւան մուտքերի բնակիչներին եւս արագ կերպով տարհանել են, մինչեւ որ փակեն գազի արտահոսքը։ Ողջ մնացածներն առաջին հերթին հիշել են իրենց լքված ունեցվածքը։ Ոմանք հիշում էին իրենց ձկներին, ոմանք՝ կենցաղային իրերը։
Փրկվածներից մեկն էլ պահանջում էր իրեն թողնեն հետ գնալ․ «Սառնարանիս մեջ 10 հազարի ապրանք կա, թողեք, գնամ, հանեմ»,- ասել է նա։ Բնակարանը, որում գազի արտահոսքն ու պայթյունը տեղի է ունեցել, 3 հոգի էին ապրում՝ ամուսիններ եւ նրանց 7 տարեկան որդին։
«Սերգեյն ու Կատյան վիճել էին, կինը երեխային վերցրել ու գնացել էր մոր տուն։ Նրա աչքերի տակ կապտած էր, երբ գնում էր։ Երեւի Սերգեյը խմել է ու մոռացել գազն անջատել։ Նրա մայրը հետո վազում էր, գոռում, որ որդին այնտեղ է մնացել, փլատակների տակ»,- պատմում են հարեւանները։
Փլատակների տակ մահացել են նաեւ շենքի 34-ամյա բնակչուհի Տատյանա Շոգենցուկովան՝ մոր եւ իր երկու փոքրիկների՝ դպրոցական դստեր ու 6 տարեկան որդու հետ։ Ներկայումս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է իրականացվում։





Պատրաստեց Past.am-ը:



