Նիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան
Շուրջ ութ տարի իշխանության ղեկը զավթած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուրացման իսկական մաստեր-կլասս են ցուցադրում։ Եվ խոսքը ոչ միայն Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի, ազգային արժեքների ուրացման մասին է։ Մեկ օրում Փաշինյանը հասցրել է ուրանալ թե՛ Արցախը, թե՛ Հայոց ցեղասպանությունը։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով: «Ես չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով», - ասել է Փաշինյանը:
Ավելին՝ հորդորում է շրջահայաց լինել. - «Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»: Այսօր էլ նա տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Մինչ տասնամյակներ շարունակ հայկական սփյուռքը ԱՄՆ նախագահներին մեղադրում էր «ցեղասպանություն» բառի փոխարեն «եղեռն» օգտագործելու հանգամանքը, ինքը՝ Փաշինյանն իր ուղերձում միայն երկու անգամ է հիշատակում «ցեղասպանություն» բառը, փոխարենը՝ հինգ անգամ շեշտում «Մեծ եղեռն»։
Թուրքիայի մասին էլ որևէ բառ չկա, ընդհակառակը, ինչ-որ հեռակա ակնարկներ անում մեծ տերությունների խարդավանքներին։ «...հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին»,- ասել է Փաշինյանը՝ գեթ մեկ բառով չդատապարտելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը։ Սա այն դեպքն է, երբ որևէ բառ այլևս չարժե ասել, խոսքերն ավելորդ են...
Մոնիկա Կիրակոսյան



