Գուշակություն. խաղաթղթո՞վ, թե՞ սուրճի մրուրով
LIFE«Ի՞նչ է մեզ սպասվում ապագայում». այս հարցի պատասխանը շատերն են ցանկանում իմանալ ժամանակից շուտ, բայց գիտնականները դեռ ժամանակի մեքենա չեն հայտնագործել, ուստի շատերը ստիպված են լինում դիմել գուշակությունների օգնությանը:

Ներկայումս գուշակությունների զանազան միջոցներ կան, բայց այսօր կանդրադառնանք դրանցից երկուսին` խաղաթղթերով եւ սուրճի մրուրով:

Խաղաթղթեր: Խաղաթղթերով գուշակություն անելու համար անհրաժեշտ է, որ դրանք նախկինում երբեւէ օգտագործված չլինեն խաղալու նպատակով, այլապես` խաղաթղթերն անպայման կստեն ձեզ: Հաջորդ պայմանը հաճախակի գուշակություն չանելն է: Օրը մեկ անգամից ավելի չի կարելի խաղաթղթեր գցել: Խաղաթղթերի նշանակությունը տարբեր ազգերի մոտ տարբեր կերպ է մեկնաբանվում, ուստի եթե որոշել եք խաղաթղթերով ինքնուրույն գուշակություն անել, ապա լավ կանեք համացանցում փնտրել յուրաքանչյուր խաղաթղթի նշանակությունն ու իմաստը, որպեսզի հնարավորինս ճիշտ մեկնաբանեք դրանք: Գուշակությունն սկսելուց առաջ որեւէ հարց ձեւակերպեք կամ ցանկություն պահեք եւ խաղաթղթեի միջոցով փորձեք ստանալ ցանկալի պատասխանը:

Մրուր: Հավանաբար չկա այնպիսի աղջիկ, ով սուրճ խմելուց հետո չշրջի բաժակը, որպեսզի սուրճի մրուրում փորձի տեսնել իր ապագան: Մեզանից շատերն անգամ այս գործողությունն անում են մեխանիկորեն: Այստեղ սկզբունքը հետեւյալն է` պետք է հստակ ցանկություն պահել, լցնել թարմ պատրսաստված սուրճը, խմել, սակայն ոչ մինչեւ վերջ: Այնուհետ ձախ ձեռքով բաժակը ժամացույցի սլաքի ուղղությամբ 3 անգամ պտտել այնպես, որ մրուրը տարածվի բաժակի ամբողջ մակերեսով: Ի դեպ, բաժակը պետք է լինի բաց գույնի, ցանկալի է` առանց նախշերի: Այս գործողություններն անելուց հետո շրջեք բաժակը եւ հաշվեք մինչեւ յոթը: Վերջ, բաժակը պատրաստ է գուշակության: Հիշեք՝ բաժակի ստորին հատվածում առկա պատկերները ձեր անցյալն են, իսկ ապագան պատկերված է վերին մասում: Մրուրով ստեղծված պատկերները, ինչպես խաղաթղթերի դեպքում, ունեն տարբեր նշանակություն, որոնց նշանակությունը նույնպես կարող եք փնտրել համացանցում:



