Ի՞նչ նոր նախագիծ է ներկայացնելու «Վիտամինը» և ինչո՞ւ են միայն Գարիկն ու Ռոբը վարելու այն
LIFEBlognews.am-ը գրում է.
«Վիտամին» փրոդաքշնը շուտով հեռուստադիտողներին կներկայացնի հումորային նոր թոք շոու, որը կոչվում է «Կասկածելի երեկո»։ Տևական դադարից հետո վիտամինցիների նոր նախագիծը կլինի «Շանթի» եթերում։ Նախագիծը վարելու են Գարիկն ու Ռոբը։
BlogNews-ի հետ զրույցում «Վիտամին» փրոդաքշնի պրոդյուսեր Վլադ սահակյանը որոշ փակագծեր է բացել։ Նոր թոք շոուն նկարահանվելու է «Վիտամինի» նույն բեմում, լինելու է նաև հանդիսատես, սակայն, Վլադի խոսքով, «Կասկածելի երեկոն» տեսակով տարբերվելու է «Վիտամինից»։
Ամենաքննարկվող հարցին, թե ինչո՞ւ են նոր նախագիծը վարելու միայն Գարիկն ու Ռոբը, Վլադը պատասխանեց, որ դա ձևաչափի հարց է։ «Մյուս տղաները չկան որպես մշտական մասնակից, սակայն հնարավոր է՝ ինչ-որ հաղորդումների ներգրավված լինեն։ Մշտական մասնակիցները Գարիկն ու Ռոբն են, որովհետև ձևաչափն է այդպես պարտադրում։ Հենց ծրագիրը եթերում լինի, մարդիկ կհասկանան՝ ինչի մասին է խոսքը, ուղղակի հիմա չեմ կարող ավելի մանրամասն բնութագիր տալ»,- ասաց պրոդյուսերը։

Վլադի խոսքով՝ որևէ նշանակություն չունի, որ տղաների մի մասն այժմ զբաղված են «ATV» հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում։ «Մեր ազգը սիրում է խոսել, կարող են անընդհատ քննարկել, թե ինչու են միայն Գարիկն ու Ռոբը եթերում, սակայն որևէ այլ պատճառ չկա։ Կրկնում եմ, մյուս տղաները կարող են լինել ինչ-որ թողարկումների»,- նշեց Վլադը և հավելեց, որ ծրագրի սցենարական աշխատանքներին մասնակցում է «Վիտամինի» ամբողջ կազմը, նույն թիմը, որը գրել է «Վիտամին» հաղորդման սցենարը։
Ի դեպ, շուտով կլինի հաղորդման առաջին նկարահանումը, որի հետաքրքիր պահերը կֆիքսի և իր ընթերցողներին կներկայացնի BlogNews-ը:)


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



