Իրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի, այլապես ամեն ինչ կպայթեցնեմ. Թրամփ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «խորացված բանակցությունների» մեջ է Իրանի հետ, և որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև երեքշաբթի սահմանված վերջնաժամկետի լրանալը:
«Լավ հնարավորություն կա, բայց եթե նրանք գործարք չկնքեն, ես ամեն ինչ կպայթեցնեմ»,- ասել է նա:
Ըստ հոդվածի հեղինակ Բարաք Ռավիդի, միջնորդներն ավելի քիչ լավատես են գործարքի մոտ լինելու հարցում, սակայն ասում են, որ կաշխատեն մինչև վերջին րոպեն, որպեսզի հասնեն գոնե մասնակի համաձայնության՝ Թրամփի վերջնագիրը հետաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Իրանի քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, եթե իրեն չհաջողվի պայմանավորվել նրանց առաջնորդների հետ:
Պատասխանելով Axios-ի հարցին, թե արդյոք չի մտահոգվում, որ դա վնաս կհասցնի Իրանի անմեղ քաղաքացիներին, Թրամփն ասել է, որ, իր կարծիքով, սեփական կառավարությանը դեմ հանդես եկող քաղաքացիները կաջակցեն նման հարվածներին՝ «վարչակարգը թուլացնելու համար»:
«Նրանք վախի մեջ են ապրում: Նրանք վախենում են, որ մենք կհեռանանք պատերազմի թեժ պահին, բայց մենք չենք պատրաստվում հեռանալ»,- ասել է Թրամփը:
8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Axios-ին հայտնել է, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ինտենսիվ բանակցություններ են վարում իրանական կողմի հետ:
Բանակցություններին մասնակցող երկու աղբյուր հայտնել են, որ խորհրդակցություններն ընթանում են Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև Թրամփի խորհրդականների և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի միջև ուղարկվող տեքստային հաղորդագրությունների միջոցով:
«Բանակցությունները լավ են ընթանում, բայց իրանցիների հետ երբեք չես հասնում եզրագծին»,- ասել է Թրամփը:
Նա հայտարարել է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են եղել ուղիղ բանակցություններ անցկացնելու համաձայնությանը:
«Բայց հետո նրանք ասացին, որ մեզ հետ կհանդիպեն հինգ օրից: Ուստի ես հարցրի. «Ինչո՞ւ հինգ օրից»: Ես զգացի, որ նրանք լուրջ չեն: Այդ պատճառով էլ հարվածեցի կամրջին»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով չորեքշաբթի օրը Թեհրանն Իրանի հյուսիսային մասի՝ Քարաջի հետ կապող կամրջին հասցված հարվածը:
Միջնորդական ջանքերի մասին իրազեկված երկու աղբյուր հայտնել են, որ Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները փորձում են համաձայնեցնել վստահության ամրապնդման միջոցառումների փաթեթ, որը կարող է հանգեցնել Թրամփի վերջնագրի երկարաձգմանը և կողմերին մոտեցնել հանդիպմանը:
Շաբաթ օրը երեք նախարարները հեռախոսազրույցներ են ունեցել Ուիթքոֆի և Արաղչիի հետ այս հարցի շուրջ, սակայն որևէ բեկում ձեռք չի բերվել: Վերջին տասը օրվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջոցով անուղղակի բանակցություններ են վարել՝ փորձելով հասնել հրադադարի մասին համաձայնության՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց: Էական առաջընթաց չի գրանցվել:
Տեղական ժամանակով կիրակի առավոտյան, Axios-ի հետ հեռախոսային հարցազրույցից քիչ առաջ, Թրամփը սպառնացել է երեքշաբթի օրվանից ռմբակոծել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:
Ավելի ուշ Թրամփը կրկին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ նշելով միայն ժամը. երեքշաբթի, ժամը 20:00-ն՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով:
Հետևեք մեզ՝ այստեղ



