Ծննդյանս օրը թաքուն երազանք էի պահել, իմ երազանքն իրականացած է. Անահիտ Շահբազյանը՝ նշանադրության մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 14-ը երգչուհի Անահիտ Շահբազյանի համար կրկնակի տոնական է եղել. այդ օրը կայացել է երգչուհու նշանադրությունը: Life.panorama.am-ի հետ զրույցում Անահիտը պատմել է իր եւ երաժիշտ Կարեն Զադիրյան ծանոթության ու նշանադրության մասին.
«Կարենի հետ ծանոթ ենք արդեն երկու տարուց ավելի, բայց միասին ենք մեկ տարուց ավելին: Նա դուդուկահար է, ազգագրական երաժշտության սիրահար: Քանի որ երկուսս էլ նույն ոլորտի մարդիկ էինք, տարբեր համերգների միասին եղել էինք, բայց առանձնապես չէինք նկատել միմյանց: Մեզ համար ճակատագրական եղավ միասին Արցախ մեկնելը, այնտեղ գնացել էինք զորամասերում համերգներ տալու. Հենց Արցախում էլ ծանոթացանք ու մեր մտերմության հիմքը դրվեց, սակայն այդ հանդիպումից յոթ ամիս անց ենք սկսել շփվել եւ ընկերություն անել»,- պատմեց երգչուհին:
Հետաքրքրվելով, թե ինչպես է Կարենն առաջին անգամ սիրո խոստովանություն արել, Անահիտը պատասխանեց. «Իհարկե սիրո խոստովանություններ եղել են, բայց դա իմն է եւ չեմ ցանկանա մանրամասնել այդ մասին: Միայն ուզում եմ ասել՝ ես շատ երջանիկ եմ, որ կողքիս նման մարդ կա, Կարենին շատ-շատ եմ սիրում»:
«Կարենը շատ բարի, հոգատար ու նվիրվող մարդ է. սրանք նրա ամենամեծ արժանիքներն են, չնայած նա բազում հատկանիշներ ունի, որոնց համար սիրում ու գնահատում եմ նրան»,- խոսելով Կարեն Զադիրյանի բնավորության մասին՝ նշեց Անահիտը:
Սիրահար զույգի միջեւ ընդամենը 3 տարվա տարբերություն է, ուստի երգչուհու խոսքերով՝ նրանք իրար շատ լավ են հասկանում:
«Ծննդյանս օրը թաքուն երազանք էի պահել, իմ երազանքն իրականացած է»,- հավելեց Անահիտ Շահբազյանը, իսկ հարցին, թե նշանադրված զույգը, ե՞րբ է ամուսնությունը պլանավորում, պատասխանեց.
«Ըստ մեր ծրագրերի՝ մեր հարսանիքը տեղի կունենա ամռանը, բայց դեռեւս կոնկրետ ամսաթիվ առանձնացված չէ, քանի որ դրսից հյուրեր ունենք ու պետք է իրենց հետ էլ հարմարացնենք»:
Life.panorama.am-ը շնորհավորում է Անահիտին եւ Կարենին՝ մաղթելով անսպառ սեր ու երջանկություն:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



