Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
SOCIETYՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանը նախարարության ենթակայությամբ գործող Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին՝ Անուշ Տեր-Մինասյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից , նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար` վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին:
Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով նույնպես թանգարանային գործի հմուտ գիտակ է (երկար տարիներ ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ռուսական արվեստի թանգարանը), իր հերթին վստահեցրել է, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է և ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը` աշխատելու է համագործակցաբար` հենվելով նախորդ շրջանի փորձի վրա:
ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն` արդյունքում ձևավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը: Թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով` հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու դահլիճ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:



