Տիգրան Կարապետյանը Սերժ Սարգսյանի ելույթից հետո քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ է կանխատեսում
SOCIETYՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն առաջին հերթին մեսիջ էր՝ ուղղված իր թիմին: Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքո ւմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը մեսիջ էր իր նախկին ու ներկա գործընկերներին, իր թիմակիցներին, որ լուրջ փոփոխություններ են սպասվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Կարապետյանը:
Նա նկատեց, որ Նախագահի ուղերձին կհետևեն լուրջ փոփոխություններ: «Առաջին փոփոխությունը մենք արդեն իսկ նկատել ենք: Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակվել է մի անձ, ով երբեք համակարգում չի աշխատել: Սա խոսում է այն մասին, որ լուրջ փոփոխություններ են սպասվում»,- հավելեց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո իշխանությունները, այսպես թե այնպես, պետք է գնան փոփոխություններ իրականացնելու ճանապարհով: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո կմնա քաղաքական դաշտում, սակայն դա կանի ոչ իր ներկայիս թիմի, այլ ուրիշ կազմով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին նախագահական նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:



