Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց դասական նախընտրական փուլում ենք։ Կարող ենք արձանագրել, որ հիմնական հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ լինեն դրանք իշխանությունը, իշխանամերձ շրջանակները, թե ընդդիմությունը, ակտիվ գործողությունների մեջ են՝ հանդիպումներ կողմնակիցների հետ, քննարկումներ, մինի համաժողովներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ընդգծում է՝ ամեն ինչ տրամաբանական է, բայց պարզ է նաև հետևյալը. «Հաշվի առնելով իշխանության նկատմամբ հասարակության տրամադրությունը, որի վերջին դրսևորումներից մեկի ականատեսը եղանք Սուրբ Աննա եկեղեցում, խոսում է այն մասին, որ մեզ իրականում թեժ ապրիլ-մայիս ամիսներ, թեժ նախընտրական շրջան է սպասվում, ինչն առնվազն ընդդիմության համար դրական կարող է լինել։ Եթե տրամադրությունները թեժանան, ակտիվ պայքարն իրեն իսկապես զգալ տա և, այսպես ասած, օդում լարվածություն լինի, կբարդացնի իշխանությունների՝ քվեներ գողանալու մտադրությունները։ Կլինի այնպիսի հասարակական տրամադրություն, որ կհասկանան՝ ձայները գողանալու դեպքում կստանան իրական հեղափոխություն։ Կարծում եմ՝ սա ամենակարևոր բաներից մեկն է, ինչին ընդդիմությունը պետք է հասնի այս նախընտրական փուլում»։

Ընդդիմադիր ուժերը այս ընտրություններում ներկայանում են մի քանի թևով, ինչն ընտրողին տալիս է իրական ընտրության լայն հնարավորություն, քաղաքացին չի կարող ասել՝ Փաշինյանին չընտրեմ, բա ո՞ւմ ընտրեմ։ «Ինձ թույլ կտամ ցիտել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իր հարցազրույցներից մեկում շատ հետաքրքիր ձևակերպում տվեց։ Ասում է՝ Խորհրդային Միության տարիներին ֆուտբոլի առաջնության ավարտից հետո մրցանակ էր հանձնվում՝ «гроза авторитетов»։ Դա տրվում էր այն թիմին, որը պայմանականորեն երկրորդ տասնյակում է տեղ զբաղեցրել, բայց առաջին եռյակի, հնգյակի թիմերի հետ բավականին լավ արդյունքներ է ունեցել։ Հիմա մեր ժողովուրդը որոշ դրսևորումներում իսկապես «гроза авторитетов» է հետևյալ համատեքստում։ Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ Հիսուս Քրիստոսն էլ երկնքից իջնի, նրա երկրորդ գալուստը Հայաստանում լինի, մարդիկ գտնելու են, թե ինչ պիտակներ կպցնեն։ Ամենապրիմիտիվ բանը կասեն, օրինակ՝ հրեա ես։ Եթե սա մի կողմ ենք թողնում, պետք է հետևյալ հարցը տանք՝ իսկ ո՞ւմ է սպասում հասարակությունը։ Եթե հասարակության մեջ կա ընկալում, որ, օրինակ՝ 2018 թվականի իրողությունը կկրկնվի, այն համատեքստում, որ պայմանական ռուսամետը արևմտամետի հետ, ռուսաֆոբը արևմտաֆոբի հետ միասին կկանգնեն հրապարակում կամ էլ միասին կգնան ընտրատեղամաս քվեարկելու, ապա դա չի լինելու։ 2018 թվականին դասական իմաստով հեղափոխություն չէր, իշխանահանձնում էր, ժողովուրդն էլ դրա «մասովկան» էր, որովհետև հիմնական գործողությունները տեղի էին ունենում կաբինետներում։ Հիմա դա չի լինելու։ Ունենք այն քաղաքական էլիտան, որը ունենք, ունենք այն ժողովուրդը, որն ունենք։ Սրանից պետք է ընտրենք։ Մյուս կողմից՝ պետք է նշենք, որ այժմ «մենյուն», այսպես ասած, մի փոքր ավելի մեծ է, քան 2021 թվականին էր։ Ընտրելու տարբերակներ կան։ Ունենք քաղաքական ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես արևմտամետներ։ Խոսքն իշխանությունների հաճախորդների մասին չէ, խոսքն այլ քաղաքական ուժի մասին է։ Ունենք ուժեր, որոնք դիրքավորվել են ավելի դասական՝ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները խորացնելու կոնտեքստում: Ունենք քաղաքական ուժ, որը փորձում է ոչ ստանդարտ լուծումներ գտնել, նաև մեր դասական դաշնակցային տիրույթից դուրս փորձագետների, մասնագետների ներգրավել: Կա թիմ, որը մաքուր տնտեսական ծրագրով է մտնում պայքարի մեջ, կա թիմ, որը մարդու իրավունքների պաշտպանության վրա է ավելի մեծ շեշտ դնում, կա թիմ, որն ունի Հայաստանի թե՛ տնտեսական զարգացման, թե՛ անվտանգության ապահովման բացառիկ փորձ, այն էլ՝ պատերազմական և հետպատերազմական վերականգնողական փուլերում։ Ընտրելու այս «մենյուն» կա, մնում է հասարակությունն իր ընտրությունը կատարի, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն էլ կարողանա իր հասանելիք ընտրազանգվածը մաքսիմալ մոբիլիզացնել։ Որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նկատմամբ ձևավորված է գերբացասական վերաբերմունք։ Դա ցույց են տալիս նրանց շրջայցերը մարզերում և Երևանում։ Բայց ինչպե՞ս անել, որ այդ բացասական վերաբերմունքը հունիսի 7-ին դառնա քվեաթերթիկ։ «Կան բողոքի պասիվ և ակտիվ տարբերակներ։ Ակտիվ տարբերակն առաջին հերթին այն է, որ օգտվես ինստիտուցիոնալ մեխանիզմներից՝ ազդելու համար իշխանության ձևավորման մեխանիզմի վրա։ Աշխարհում այլ պրոցեսներ, գլոբալ առումով, բացի ընտրություններին մասնակցելը, չկան։ Կրկին շեշտեմ՝ 2018 թվականը հեղափոխություն չէր, մարդիկ ուղղակի «մասովկա» էին։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բողոքը կվերածվի՞ ընտրատեղամաս գնալուն։ Այստեղ ամեն ինչ մեծապես կախված է ընդդիմությունից, ընդդիմադիր քաղաքական էլիտայից։ Այն քաղաքական գործիչը կամ թիմը, որը կհայտարարի՝ ընտրություններն այն գլխից կեղծված են, կամ՝ իմաստ չկա մասնակցել ընտրություններին, իմացեք՝ նա Նիկոլ Փաշինյանի հետ նույն քաղաքական թիմում է։ Ինչ փաթեթավորում էլ ուզում է տա իր ասածին, այդ մարդը քաղաքականապես Նիկոլ Փաշինյանի թիմում է։ Քանի որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր են, իրենց լսող զանգվածն էլ է տարբեր, հիմա իսկապես ունենք հնարավորություն «մտնել» այնպիսի մարդկանց տներ, որոնք այլ հավասար պայմաններում դուրս չէին գա փողոց, որովհետև իրենց համար նախընտրելի թեկնածու չէին գտնի։ Հիմա այդ ամենը մի փոքր շտկված է։ Վերջնարդյունքն ինչպիսի կլինի, ցույց կտա ժամանակը։ Ինձ համար նաև անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները բարկանում են ոմանց վրա, ովքեր ասում են՝ ՔՊ-ն ընդդիմություն է լինելու, զգալի քվեներ է ունենալու։ Սա այն իրողությունն է, որը մենք ունենք։ Չգիտեմ՝ ՔՊ-ն ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ, բայց ՔՊ-ն զգալի ձայներ է ստանալու։ Երբ դուրս գանք ինքնախաբեության տիրույթից, ինձ թվում է՝ շատ բաներ ավելի հեշտ կլինեն։ Ռոբերտ Քոչարյանը կարգախոս ունի՝ աշխատենք միասին։ Հիմա ընդդիմությունն այս առումով այդ կարգախոսից սովորելու բան ունի։ Աշխատեք միասին, ամեն մեկդ ձեր էլեկտորատին մոբիլիզացրեք, վերջում տեսնենք, թե ինչ է լինում»,-նշում է քաղաքագետը։

Երբեմն նաև կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը հեռացող ղեկավարի վարքագիծ է դրսևորում։ «Նիկոլ Փաշինյանը, կարծես, 2018 թվականի դեպքերի ազդեցության տակ է մնացել։ Մարդն իրեն քաղաքականապես ընկալում է որպես մեսիա։ Ասում է՝ 30 տարի գերեվարված ենք եղել Հայաստանի և Արցախի նախկին ռազմական էլիտայի կողմից, Ռուսաստանի կողմից ենք գերեվարված, որովհետև Ռուսաստանն Արցախի շնորհիվ կարողանում էր ազդեցություն ունենալ մեր վրա, իսկ հիմա նա եկել է փրկելու բոլորիս։ Մարդը, ով իրեն այդպես է պատկերացնում, ինքնակամ հեռանալու իմաստ չի տեսնի։ Կամ էլ՝ եթե նա վստահ լինի, որ իշխանությունը անցնում է այնպիսի մարդկանց, ում հետ ունի քաղաքական պայմանավորվածություն, միգուցե և ինքնակամ հեռանա։ Ներկայիս պահին քաղաքական ակտիվ գործունեության մեջ գտնվող քաղաքական ուժերից չկա որևիցե քաղաքական ուժ, որի հետ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ քաղաքական պայմանավորվածության։ Ընտրություններին մասնակցող երկու կարևոր դերակատարների մասին եմ խոսում։ Միևնույն ժամանակ, մեկ բան հիշեցնենք ընթերցողներին։ Ֆորմալ առումով 1995 թվականի Սահմանադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն էր տալիս 2001 թվականին էլ առաջադրվել նախագահի պաշտոնում, որովհետև նա նախագահ էր ընտրվել մինչև Սահմանադրության ընդունումը՝ 1991 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Սահմանադրություն, որտեղ գրված էր, որ նախագահը կարող է 2 ժամկետ պաշտոնավարել։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հղում անել այդ կետին և 2001 թվականին կրկին առաջադրվել։ Ավելին, Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում ասում էր այն մասին, որ պահը կգա, սրա մասին կխոսենք, սա կքննարկենք։ Համացանցում կա այդ հարցազրույցի տեքստային տարբերակը։ Ինչո՞ւ եմ սա վերհիշում։ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռանա պաշտոնից, քանի դեռ պայմաններ չէին ստեղծվել, որ նա գնա։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Կարող ենք ասել՝ թույլ է, «կաղ բադ» է, հասարակությունը իրեն ծափերով չի ընդունում և այլն, բայց մինչև իր շուրջ պայմաններ չլինեն, որ հեռանալն այլընտրանք չունենա, նա չի հեռանալու։ Մնացած խոսակցությունների մասով, ինձ թվում է, մարդիկ իրենց հույս են տալիս՝ կարծելով, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ բաներից դրդված կարող է հրաժարական տալ։ Պետք է պայմաններն այնպիսին լինեն, որ հրաժարական չտալը անհնարին լինի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service