Ի՞նչ է անելու Փաշինյանի կառավարությունը Աննա Հակոբյանի հագուստի և զարդերի հետ. մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ հեռանում է Կառավարական առանձնատնից և պետությանն է վերադարձնում պետական այցելությունների ժամանակ ստացված նվերները, ինչպես նաև այն հագուստը, որը կրել է պաշտոնական այցերի ժամանակ՝ որպես Փաշինյանի կողակից:
MediaHub-ը դեռ մարտի սկզբին գրավոր հարցումով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու, թե ինչ ճակատագրի են արժանանալու Աննա Հակոբյանի հագուստն ու զարդերը։
Մենք, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է պատրաստվում անել Կառավարությունն Աննա Հակոբյանի զարդերի և հագուստի հետ, ի՞նչ արժողությամբ են եղել դրանք, ի՞նչ բրենդի են պատկանել դրանք և զարդերից ու հագուստից բացի ի՞նչ նվերներ են փոխանցվել կառավարությանը Աննա Հակոբյանի կողմից:
Մեր հարցերին ի պատասխան Կառավարությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգաին կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները հանդիսանում են ստացող կողմի սեփականությունը և ենթակա չեն հանձնման պետությանը, նշված հարաբերությունները ներկայում չեն կանոնակարգվում օրենքով կամ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Միաժամանակ, նշված նվերները ենթակա չեն հաշվառման Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հաշվառման ռեեստրում:
«Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ վարչապետի տիկնոջը տրվող արարողակարգային բնույթ կրող նվերների հանձնումը պետությանը հանդիսանում է ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքի նվիրատվություն պետությանը, որը կարգավորվում է ՀՀ-ի քաղաքացիական օրենսգրքով»,- նշված է պատասխանում։
Սակայն, այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի կողմից պետությանը նվիրատվությամբ (նվիրաբերությամբ) փոխանցվող գույքի օգտագործման կամ ամրացման վերաբերյալ որևէ հատուկ պայման նախատեսված չէ, գույքը հաշվառվում է որպես պետական սեփականություն և դրա տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը իրականցվում է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն:
Անդրադառնալով՝ գույքի տեսակի, ապրանքանիշի և գնի վերաբերյալ հարցին՝ Կառավարությունից տեղեկացրել են, որ նշված գույքի՝ պետության կողմից ընդունման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և համապատասխան իրավական ձևակերպումները ավարտված չեն:
«Տվյալ տեղեկատվությունը հասանելի կլինի գործընթացի ավարտից հետո՝ սահմանված կարգով»,- ասված է մեր հարցման պատասխանում:
Այսինքն՝ փետրվարի 27-ից մինչ օրս Կառավարությանը չի հաջողվել հաշվարկել, թե ինչ ունեցվածք է պետությանը «կտակել» Աննա Հակոբյանը։ Փաստացի՝ նրա հագուստի և զարդերի ճակատագիրն էլ է մինչ այս պահն անհայտ։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



