Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
versia.ru–ն գրում է, որ Իրանի շուրջ ռազմական լարվածության սրումը կարող է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մերձեցումը՝ պայմանավորված տնտեսական գործոններով, կարծում է միջազգային փորձագետ Դորիան Ջոնսը: «Զանգեզուրի միջանցքի նախագիծը նախատեսում է բեռների տարանցում Հայաստանի միջով դեպի Նախիջևան, ապա՝ Թուրքիա և Եվրոպա: Հաշվի առնելով ռազմական հակամարտությունը՝ ներկայում Իրանի միջով տեղափոխումը կապված է ռիսկերի աճի հետ, ինչն այդ այլընտրանքային երթուղին դարձնում է ավելի կարևոր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից»,– ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է այդ նախագծի ուղղությամբ աշխատանքների ակտիվացման մասին: Իլհամ Ալիևը նույնպես իր աջակցությունն է հայտնել: Սրացումից առաջ Իրանը ծառայում էր որպես կարևոր տարանցիկ օղակ: Սակայն ռազմական գործողությունները զգալիորեն բարձրացրել են ռիսկի մակարդակը. ենթակառուցվածքային կառույցները սպառնալիքի տակ են, ապահովագրության գները բարձրացել են, իսկ բիզնեսներն սկսում են փնտրել այլընտրանքային ուղիներ: Այս իրավիճակում այդ տարածաշրջանը կարող է դառնալ հիմնական տարանցիկ զարկերակ:
Փաշինյանի համար նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս խզել երկրի տրանսպորտային մեկուսացումը և ներգրավել ներդրումային հոսքեր: Ալիևի համար դա հնարավորություն է ընձեռում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը որպես տարանցիկ հանգույց և կապել Նախիջևանը երկրի հիմնական մասի հետ։ Լրացուցիչ գործոն է Եվրոպայի շահագրգռվածությունը։ Էներգետիկ ճգնաժամից հետո Եվրամիությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր մատակարարման աղբյուրները։ Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների պոտենցիալ ռեսուրսներն այդ երթուղին դարձնում են ռազմավարական։ Սակայն առաջանում է հակասություն. ԵՄ-ն միաժամանակ կրճատում է իր ներդրումները բրածո վառելիքի մեջ՝ կասկածի տակ դնելով նման նախագծի կենսունակությունը։
Թուրքիան նույնպես կարևոր դեր է խաղում՝ շահագրգռված լինելով Իրանի ազդեցության թուլացմամբ և Կովկասում իր ներկայության ընդլայնմամբ։ Իրանը, որի դիրքերը օբյեկտիվորեն թուլանում են, ներկայիս պայմաններում կորցնում է իր տարածաշրջանային ազդեցության մի մասը։ Հետևաբար, խաղադրույքները չափազանց բարձր են. խաղադրույքի տակ են շուկաներ մուտք գործելը, Կենտրոնական Ասիայից գազի տարանցումը և միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հակամարտությունը կարող է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը՝ պայմանով, որ կողմերը կարողանան պահպանել հավասարակշռություն փոխադարձ օգուտի և առկա փոխադարձ անվստահության միջև։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



