«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):
Հասկանալի է, որ շատերը ծիծաղելու են, շատերն «իսպանական ամոթ» են զգալու, շատերը, մեղմ ասած, առանձնապես լավ չեն արտահայտվելու, բայց նայելու են: Այնպես որ, դիտումները բնական են: Հարցն այն է, թե որքանով է նորմալ, երբ երկրի ղեկավարը միակ բանը, որով հպարտանում է, սոցցանցային վիրուսային տեսանյութերի դիտումներն են:
Այդուամենայնիվ, որպեսզի ինչ-որ առումով չափելի լինի նշյալ թիվը, մենք ուսումնասիրեցինք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները: Պարզվեց, որ անցած 4 օրվա ընթացքում միջոցառման մասին ամբողջական տեսանյութերը դիտվել են մոտ 524 հազար անգամ, իսկ կարճ հոլովակները («ռիլեր»)՝ 13 մլն 727 հազար անգամ: Ընդ որում, նշենք, որ տեխնիկապես հնարավոր չէ դիտարկել բոլոր հարթակներն ու լրատվամիջոցները, ուստի ուսումնասիրել ենք ամենահիմնականները: Համադրելի՞ են այս թվերը: Երևի թե՝ այո:
Համեմատելի՞ են այս թվերը: Հազիվ թե: Քանի որ մի դեպքում գործ ունենք զուտ տիկտոկյան տրամաբանությամբ հետաքրքրության հետ, ինչպես մարդիկ կդիտեն որևէ շոու, բայց այդ դիտումները որևէ կերպ հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Մյուս կողմից՝ գործ ունենք քաղաքական ուժի ընդամենը մի միջոցառման հետ, որտեղ ներկայացվել են հստակ ծրագրեր, եղել է ասելիք: Այսինքն, այն, որ մեր հանրության մեջ նման հետաքրքրություն է ցուցաբերվել այս, այն էլ՝ քաղաքական միջոցառման նկատմամբ, խոսում է նրա մասին, որ կա սպասում, հետաքրքրություն, կա ակտիվություն, և իշխանությունների ջանքերը՝ սերմանել ապատիա հանրության շրջանում, որևէ օգուտ չեն տալիս: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ առաջիկա ընտրությունների մասնակցությունը բավական բարձր կլինի, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



