Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընտրություններին ընդառաջ ընտրողի վարքագիծը հնարավոր չէ հասկանալ միայն քաղաքական ծրագրերի կամ նախընտրական խոստումների միջոցով։ Հայաստանի ընտրողը ձևավորվել է պատմության, պատերազմների, սոցիալական փորձի և ազգային հիշողության երկար շղթայի մեջ։ Այդ պատճառով նրա ընտրությունը հաճախ դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական, արժեքային և նույնիսկ էութաբանական որոշում։ Մարդիկ ընտրության պահին հազվադեպ են առաջնորդվում միայն սառը հաշվարկով. նրանք առաջնորդվում են իրենց հիշողություններով, վախերով, հույսերով և այն պատկերով, թե ինչպիսին պետք է լինի իրենց պետությունը։

Հաճախ ընտրությունները ներկայացվում են որպես քաղաքական ուժերի միջև հերթական պայքար։ Սակայն իրականում խորհրդարանական ընտրությունները շատ ավելի խոր նշանակություն ունեն։ Դրանք պարզապես իշխանություն ձևավորելու գործընթաց չեն։ Ընտրությունները այն հիմնական մեխանիզմն են, որի միջոցով հասարակությունը որոշում է, թե ինչպիսի պետություն և ինչպիսի տնտեսական համակարգ է ցանկանում կառուցել։

Տնտեսագիտության մեջ վաղուց ընդունված է, որ երկրների միջև հարստության և աղքատության տարբերությունները պայմանավորված են ոչ միայն բնական ռեսուրսներով կամ աշխատուժի քանակով։ Շատ ավելի կարևոր դեր ունեն ինստիտուտները՝ այն կանոններն ու մեխանիզմները, որոնց հիման վրա կազմակերպվում է հասարակական կյանքը։ Այդ կանոնները որոշում են, թե ինչպես են պաշտպանվում սեփականության իրավունքները, ինչպես են բաշխվում տնտեսական հնարավորությունները, և որքան ազատ են մարդիկ ներդրումներ կատարելու, ստեղծելու և զարգանալու համար։ Այս տեսանկյունից խորհրդարանական ընտրությունները դառնում են այն հիմնական գործիքը, որով ձևավորվում են քաղաքական ինստիտուտները, իսկ քաղաքական ինստիտուտները իրենց հերթին ձևավորում են տնտեսական ինստիտուտները։

Վերջին տարիների իրադարձությունները հատկապես խոր ազդեցություն են թողել հասարակական մտածողության վրա։ Այդ ազդեցության կենտրոնում կանգնած է Արցախի հարցը և այն պատմական շրջադարձը, որը կապված է Արցախի կորստի հետ։ Հայաստանի հասարակության մի հատվածի համար այս իրադարձությունը դարձել է ազգային արժանապատվության և պատմական արդարության հարց։ Այդ մարդկանց մտածողության մեջ ընտրությունը հաճախ ընկալվում է որպես պատասխանատվության կամ հաշվետվության պահանջ. նրանք փորձում են իրենց ձայնով արձագանքել այն հարցին, թե ինչ տեղի ունեցավ, և ով է պատասխանատու ազգային անվտանգության համար։ Այս մտածողությունը հիմնված է պատմական հիշողության վրա, որտեղ պետության գոյությունն ու անվտանգության հարցը գերակա արժեքներ են։

Միևնույն ժամանակ, հասարակության մեջ կա նաև մեկ այլ ազդեցիկ տրամադրություն՝ խաղաղության և կայուն կյանքի ձգտումը։ Պատերազմների և երկարատև լարվածության պայմաններում մարդիկ հոգնում են մշտական անորոշությունից և ցանկանում են տեսնել կանխատեսելի ապագա։ Այդ ընտրողների համար առաջնային է ոչ թե անցյալի գնահատումը, այլ ապագայի անվտանգությունը, կայուն սահմանները և տնտեսական զարգացումը։ Նրանց համար կարևոր է այն հարցը, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել կայունություն և նվազեցնել նոր բախումների վտանգը։

Սակայն Հայաստանի ընտրողի մտածողությունը չի սահմանափակվում միայն անվտանգության և խաղաղության երկընտրանքով։ Հասարակության տարբեր խմբերը ընտրությանը մոտենում են իրենց սոցիալական փորձից ելնելով։ Սոցիալական տարբեր շերտերի համար կարևոր են սոցիալական պաշտպանությունը, աշխատանքի և ապագայի հնարավորության ապահովումը, շատերի համար ընտրությունը հաճախ ավելի գաղափարական բնույթ է ստանում, քանի որ նրանց համար կարևոր են պետության մշակութային և կրթական ուղղությունները։ Սեփականատերերի և բիզնեսի ներկայացուցիչների համար առաջնային են տնտեսական կայունությունը, հարկային միջավայրը և սեփականության պաշտպանությունը։ Բայց կա նաև մի շերտ, որը սովորական քաղաքական վերլուծության մեջ հաճախ անտեսվում է։ Դա էութաբանական մտածողության շերտն է։ Այդ մտածողությունը կապված է ոչ միայն քաղաքական ծրագրերի կամ տնտեսական հաշվարկների հետ, այլ մարդու ներքին հարցի հետ՝ ի՞նչ է պետությունը, ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է արդարությունը։ Երբ ընտրողը առաջնորդվում է այսպիսի մտածողությամբ, նրա ընտրությունը դառնում է արժեքային դիրքորոշում։ Այդ դեպքում մարդը ընտրում է ոչ միայն քաղաքական ուժ, այլ այն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի իր երկրի գոյության իմաստը։ Հայրենասիրությունը, արդարության զգացումը և ազգային արժանապատվությունը դառնում են ոչ թե քաղաքական կարգախոսներ, այլ գոյության հիմքեր։

Այս ամենի մեջ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը հաճախ անտեսվում է հասարակական քննարկումներում։ Քաղաքական տնտեսագիտության տեսության մեջ վաղուց հայտնի է մի օրինաչափություն. երբ որևէ իշխանություն կենտրոնացնում է քաղաքական ուժը իր ձեռքում, այն գրեթե միշտ ձգտում է ընդլայնել նաև իր տնտեսական ազդեցությունը։ Քաղաքական իշխանությունը փորձում է վերահսկել տնտեսական ռեսուրսները, որովհետև տնտեսական ռեսուրսների վերահսկողությունը ուժեղացնում է քաղաքական իշխանությունը։ Այդպես ձևավորվում է քաղաքական և տնտեսական իշխանության փոխադարձ ամրապնդման փակ շրջան։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը սկսում է ընդլայնել իր վերահսկողությունը տնտեսության կարևոր ոլորտների նկատմամբ, առաջանում է վտանգ, որ տնտեսական մրցակցությունը սահմանափակվում է, իսկ տնտեսական որոշումները սկսում են ենթարկվել ոչ թե շուկայական տրամաբանությանը, այլ քաղաքական նպատակահարմարությանը։

Նման իրավիճակներում նվազում է ներդրողների վստահությունը, որովհետև մարդիկ սկսում են կասկածել սեփականության իրավունքի կայունությանը։

Հայաստանում նման մտահոգությունները հաճախ կապվում են նաև էներգետիկ ոլորտի շուրջ զարգացումների հետ, մասնավորապես այն գործընթացների, որոնք կապված են եղել ՀԷՑ-ի շուրջ քննարկումների հետ։ Երբ հասարակության մեջ ձևավորվում է տպավորություն, որ պետությունը կարող է քաղաքական ուժի միջոցով միջամտել խոշոր տնտեսական սեփականությանը, դա անմիջապես ազդում է տնտեսական միջավայրի վստահության վրա։ Այդպիսի իրավիճակներում մարդիկ սկսում են հարց տալ՝ արդյո՞ք տնտեսական ինստիտուտները պաշտպանում են բոլորի իրավունքները, թե՞ կարող են փոփոխվել քաղաքական շահերից ելնելով։

Այս իրավիճակում քաղաքական քննարկումներում հաճախ առաջ է մղվում խաղաղության գաղափարը։ Խաղաղությունը, իհարկե, յուրաքանչյուր հասարակության բնական և ցանկալի նպատակն է։ Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ խաղաղությունը կայուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է ուժեղ պետական ինստիտուտներով, իրավական վստահությամբ և տնտեսական ազատությամբ։ Եթե խաղաղության գաղափարը ներկայացվում է միայն որպես քաղաքական լոզունգ, բայց չի ուղեկցվում ինստիտուցիոնալ վստահությամբ և սեփականության իրավունքի պաշտպանությամբ, այն կարող է ընկալվել ոչ թե որպես ռազմավարություն, այլ որպես քաղաքական հռետորաբանություն։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայուն զարգացում ունենում են այն երկրները, որտեղ պահպանվում է երեք կարևոր սկզբունք՝ քաղաքական իշխանության սահմանափակվածություն և հաշվետվողականություն, սեփականության իրավունքի կանխատեսելի պաշտպանություն և տնտեսական մրցակցության ազատություն։ Այնտեղ, որտեղ քաղաքական իշխանությունը կարողացել է սահմանափակել իր անմիջական ազդեցությունը տնտեսության վրա և ստեղծել հավասար կանոններ բոլորի համար, տնտեսությունները սկսել են զարգանալ արագ և կայուն։

Այս պատճառով ընտրությունների պահին քաղաքացին կանգնած է ոչ միայն քաղաքական ընտրության, այլ նաև ինստիտուցիոնալ ընտրության առաջ։ Նա որոշում է, թե ինչպիսի համակարգ է ցանկանում տեսնել իր երկրում. արդյո՞ք այնպիսի համակարգ, որտեղ պետությունը կենտրոնացնում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իշխանությունը, թե՞ այնպիսի համակարգ, որտեղ պետությունը սահմանում է արդար կանոններ, բայց չի դառնում տնտեսության հիմնական դերակատարներից մեկը։

Այսպիսով, Հայաստանի ընտրողը գտնվում է մի յուրահատուկ խաչմերուկում՝ պատմական հիշողության, սոցիալական իրականության, տնտեսական սպասումների և էութաբանական ինքնագիտակցության միջև։ Եվ հենց այս բազմաշերտ մտածողության փոխազդեցությունն է ձևավորում այն բարդ, երբեմն էլ անկանխատեսելի ընտրությունը, որը վերջապես արտահայտվում է քվեատուփի մոտ կանգնած մարդու մի պարզ, բայց երկրի ապագայի համար վճռորոշ կամքով և գործողությամբ՝ իր ձայնը տալու պահին։ Իսկ այդ ընտրության մեջ որոշվում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև այն ճանապարհը, որով Հայաստանը պետք է շարժվի առաջիկա տարիներին։

Վերոնշյալ եզակի խաչմերուկում յուրաքանչյուր քվե ոչ միայն ազդում է իշխանության ձևավորման, քվեների բաշխման վրա, այլև ձևավորում է երկրի երկարաժամկետ զարգացման ուղին։ Եթե հասարակությունը գիտակցի այս պատասխանատվությունը և ընտրության պահին ձգտի հավասարակշռված իշխանության, իրավական պաշտպանվածության և տնտեսական մրցակցության սկզբունքներին, ապա կարող է փոխել խաղի կանոնները՝ ապահովելով ուժեղ, կայուն և արդար պետություն։ Միայն այդպիսի գիտակցված ընտրությունը կարող է վերածվել իրական, ոչ հռետորաբանական խաղաղության և զարգացման ուղեցույցի, որը կսահմանափակի իշխանության չկարգավորված կենտրոնացումը և կծառայի ողջ հասարակության երկարաժամկետ շահերին։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine