Հրավիրված կարգազանց 7 պատգամավորները չէին եկել նիստին (տեսանյութ)
VIDEOԷթիկայի հարցերով հանձնաժողովը Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի փետրվարի 18-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ այսօր հրավիրված նիստի ժամանակ չէին եկել այն 7 պատգամավորները, որոնք դիմումի համաձայն քվեարկել են միմյանց փոխարեն:
«Նրանք կարող էին չգալ, կարող էին գրավոր ներկայացնել իրենց կարծիքը, փետրվարի 18-ին մենք սպասում ենք իրենց ներկայությանը կամ գրավոր կարծիքին»,- ասաց Հարությունյանը՝ հաստատելով, որ, ըստ երևույթին, այդ պատգամավորները մերժել էին այսօրվա նիստը: Վերջինս խուսափեց մեկնաբանություն տալ որևէ այլ մեկնաբանություն:
«Ըստ օրենքի՝ մինչև մենք մեր որոշումը չկայացնենք քննարկվող հարցի վերաբերյալ, հանձնաժողովի անդամներն ու նախագահը քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն: ԱԺ կանոնակարգով կա ընթացակարգ, պետք է հետևել դրան»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան



