Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում «սենսացիոն» վաճառքներ իրականացնող  «Լիարժեք չափ» ՍՊ ընկերությունը, որը հանրությանը հայտնի է «Ֆուլ սայզ էլեկտրոնիքս» բրենդով, սնանկ է ճանաչվել և կասեցրել գործունեությունը։ ՀՀ սնանկության դատարանը, նախագահությամբ դատավոր Ինգա Բարսեղյանի, 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել կասեցնել «Լիարժեք չափ» ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել ընկերության անվամբ հաշվառված գույքերի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով սնանկության դատարանում քննված դատական գործը:

Նշենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ մատչելի գներով կենցաղային տեխնիկայի առաջարկով ընկերությունը հարյուրավոր քաղաքացիներից միլիոնավոր դրամներ էր ստացել, սակայն այդպես էլ չէր մատակարարել պատվիրված ապրանքները։ Չնայած նախորդ տարվա հունվարին բարձրացված աղմուկից հետո ընկերությունը խոստացել էր կատարել բոլոր առաքումները, սակայն մինչ օրս քաղաքացիները չեն ստացել ո՛չ իրենց պատվիրած ապրանքները, ո՛չ էլ դրա դիմաց վճարած գումարները:

Ի՞նչ կապ ունի հայտնի բլոգերը սնանկացած խանութի հետ

Տուժած քաղաքացիների մեծ մասը կենցաղային տեխնիկան պատվիրել էր՝ հիմնվելով հայտնի բլոգերների, այդ թվում Էրիկ Շահբազյանի (առավել հայտնի որպես «222 Lava») գովազդների վրա։ Վերջինս ամիսներ շարունակ սոցիալական ցանցի իր հարթակներով ակտիվորեն հանրայնացնում էր «Full Size» խանութ-սրահի առաջարկները՝ նպաստելով տվյալ ընկերության հանդեպ սպառողների վստահության ձևավորմանը։ Հարյուրավոր քաղաքացիներ դեռևս 2024 թվականի տարեվերջին չստանալով իրենց ապրանքները այցելել են ընկերության՝ Սեբաստիայի փողոցում գտնվող պահեստ և պարզել, որ մեկ գիշերում «Ֆուլ սայզի» ամբողջ գույքը դուրս է բերվել և պահեստը ազատվել: Տուժած քաղաքացիներից շատերը կասկածներ ունեին, որ ՏիկՏոկում մեծ լսարան ունեցող «222 Lava»-ն կապ ունի նշված խանութի և դրա սնանկացման հետ, ինչը ինքը՝ բլոգերը իր տեսանյութերում հերքել է:

Միլիոնավոր պարտքեր պետությանը, բանկերին և քաղաքացիներին. ինչպե՞ս ընկերությունը հայտնվեց դատարանում

Նշենք, որ «Լիարժեք Չափ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ՀՀ սնանկության դատարան էր ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս նախորդ տարվա հունիսին: ՊԵԿ-ը դատարանին հայտնել է, որ «Լիարժեք չափ» ՍՊ ընկերությունը չի կատարել ավելի քան 217. 1 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորությունները, որոնք արդեն հուլիսին դարձել են 222.7 մլն դրամ: Բացի այդ, ընկերությունը բանկերի և վարկային կազմակերպության հանդեպ ունեցել է շուրջ 33 միլիոն դրամը գերազանցող վարկային պարտավորություններ:

Դատարանը պաշտոնապես տեղեկացրել է ընկերությանը սնանկության դիմումի մասին և տրամադրել 15 օր ժամանակ՝ ներկայացված պահանջը վիճարկելու համար։ Ըստ դատարանի հիմնավորման, չնայած ընկերությունը ծանուցումը ստացել է դեռևս 2025թ. հունիսի 16-ին, սակայն սահմանված ժամկետում որևէ քայլ չի ձեռնարկել և գրավոր չի առարկել սնանկ ճանաչվելու դեմ: Դատարանի հունիսի 17-ի որոշմամբ ընկերության սնանկության գործով ժամանակավր կառավարիչ է նշանակել Արարատ Վարդանյանը: Իսկ արդեն հուլիսի 24-ին դատարանը որոշում է կայացրել «Լիարժեք չափ» ընկերությանը սնանկ ճանաչելու մասին ՊԵԿ-ի դիմումը բավարարել:

Բանկեր, ՊԵԿ, տուժած քաղաքացիներ. ի՞նչ հերթականությամբ են բավարարվելու պարտատերերի պահանջները

2025 թվականի հոկտեմբերի 30-ին դատարանը հաստատել է «Լիարժեք չափ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակն ըստ առաջնահերթության և ապահովվածության: Պահանջների բավարարման հերթականությունը սահմանվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ առաջնահերություն է տրվում կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերին, այն քաղաքացիների պահանջներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար,  աշխատանքային պայմանագրերից բխող պահանջներ, դատական ծախսեր, ընթացիկ անուղղակի հարկային պարտավորություններ, չապահովված պահանջներ և այլն:

«Լիարժեք չափի» գործով պարտատերերի պահանջների բավարարման առաջնահերթությունը տրվել է նախ բանկերին, վարկային կազմակերպություններին և Պետական եկամուտների կոմիտեին, հետո նոր միայն ֆիզիկական անձանց, որոնց թիվը, ըստ պարտատերերի ցանկի 11-ն է՝ շուրջ 11 մլն դրամի ընդհանուր պարտքով։

Մինչդեռ NEWS.am-ի ուսումնասիրությունը փաստում է, որ տուժածների իրական թիվը հասնում է 100-ի, սակայն, պարզվում է՝ նրանց մեծ մասը տեղեկացված չի եղել ընթացող սնանկության վարույթի մասին և օրենքով սահմանված ժամկետներում չի հասցրել իրավական պահանջ ներկայացնել դատարան։ Նախնական հաշվարկներով՝ քաղաքացիներին պատճառված ընդհանուր վնասը գնահատվում է շուրջ 100 միլիոն դրամ:

«Ֆուլ սայզից» մինչև «Էլ սիթի». ովքե՞ր են կանգնած նորաբաց խանութի և կրկնվող սխեմայի հետևում

Պարզվում է՝ սնանկության վարույթին զուգահեռ, ընկերության հետ ուղղակի կապ ունեցող նույն այնձինք հասցրել են նոր բիզնես հիմնել «Երևան տոնավաճառի» տարածքում։ Գործելով «Էլ սիթի» անվանումով և կիրառելով նախկինում փորձարկված սխեման՝ նրանք ամիսներ շարունակ էլեկտրատեխնիկայի վաճառք են իրականացրել՝ շարունակելով քաղաքացիերից կանխիկ գումար ստանալ, ՀԴՄ կտրոն տրամադրել, սակայն չառաքել գնված ապրանքները:

NEWS.am-ի հետ զրույցում երկրորդ խանութից տուժած քաղաքացիներից Թերմինե Սահակյանը պատմեց, որ 2026 թվականի հունվարի 11-ին «Էլ սիթի» խանութից սպասք լվացող մեքենա գնելու նպատակով կանխիկ վճարել է 228.000 դրամ, ստացել ՀԴՄ կտրոն, սակայն մինչ օրս ապրանքը չի ստացել:

«Բազմաթիվ զանգերից և ուշացումների վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ լսելուց հետո, արդեն հունվարի 26-ին այցելեցի խանութ, մոտեցա Հրանտ անունով վաճառողին, ումից որ գնել էի ապրանքը, ասացի, որ այլևս ապրանքը չեմ ուզում, գումարը հետ վերադարձրեք: Հրանտը պատասխանեց, որ իմ վճարած գումարը փոխանցել է ընկերությանը և չի կարող հետ վերադարձնել: Այնուհետև խանութի սեփականատեր Մհերը մոտեցավ. Խնդրեց իրեն ժամանակ տրամադրել՝ խոստանալով, որ անպայման ապրանքը կառաքի կամ գումարը հետ կվերադարձնի»,-պատմեց մեր զրուցակիցը:

Ավելի ուշ խաբված քաղաքացին պարզել է, որ իրեն համոզել փորձող մարդը «Ֆուլ սայզ» խանութի տնօրեն Մհեր Խաչատրյանն է, իսկ իրեն տեխնիկա վաճառած Հրանտը նորաբաց «Էլ սիթիի» տնօրեն Հրանտ Մեհրաբյանը:

 «Էլ Սիթի»-ն ֆինանսական առողջացման ծրագիր է ներկայացրել դատարան

«Էլ Սիթի» և «Ֆուլ Սայզ» խանութների միջև կապի մասին է վկայում նաև սնանկության դատարանում ներկայացված միջնորդությունը: Մասնավորապես ըստ դատական գործի նյութերի՝ «Լիարժեք չափ» ՍՊ ընկերության տնօրեն Մհեր Խաչատրյանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ խնդրելով հաստատել «Լիարժեք չափ» ՍՊ ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը:

Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ «Էլսիթի» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հրանտ Մեհրաբյանի, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում հանդես է գալիս որպես երաշխավոր և իր վրա է վերցնում՝ պարտապանի պարտավորությունների ապահովման պատասխանատվությունը: Սակայն դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը համարել է, որ այն անհիմն է և ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով, որ ֆինանսական առողջացման ծրագրին կից դատարան չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև բացակայում է «Էլսիթի» ՍՊ ընկերության տնօրենի համաձայնությունը:

Իսկ արդեն այս տարվա փետրվարի 11-ին «Լիարժեք չափ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ բավարարվել է: Իսկ արդեն փետրվարի 12-ին դատարանը որոշում է կայացրել կասեցնել ընկերության գործունեությունը և հետախուզում հայտարարել պարտապան «Լիարժեք չափ» ՍՊ ընկերության անվամբ հաշվառված երեք ավտոմեքենաների նկատմամբ:

Ովքե՞ր են խնդրահարույց խանութների իրական սեփականատերերն ու շահառուները

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի  տվյալներով՝ «Լիարժեք չափ» ՍՊԸ-ն իրավաբանական գրանցում է ստացել 2020 թվականին, ընկերության 100% բաժնետոմսի սեփականատերը Վարդան Շիրինյանն է: Պաշտոնական նույն աղբյուրի տվյալներով՝ «Էլսիթի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025 թվականի օգոստոսի 3-ին: Իրական շահառուների վերաբերյալ 2025 և 2026 թվականներին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ ընկերության 100% բաժնետոմսի սեփականատերը Աստղիկ Խաչատրյանն է:

Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել «Ֆուլ սայզի» տնօրեն Մհեր Խաչատրյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նախորդ տարվա հունվարին Մհեր Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լարտավական ծրագրի լրագրողի հետ զրույցում հրապարակավ խոստացել էր վերադարձնել քաղաքացիների գումարները։ Նա հայտարարել էր, որ ընկերությունը բախվել է անկանխատեսելի դժվարությունների, սակայն ինքը պատրաստակամ է կատարել բոլոր պարտավորությունները: Իսկ լուրջ խնդիրները վերաբերվում են հարկային պարտավորությունները չկատարելու փաստով դեռևս 2024 թվականի հոկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթին և ոչ միայն:

Իրավական հետևանքներ. քրեական հետապնդում և 87 ճանաչված տուժող

Նշենք, որ բացի սնանկության վարույթը, ներկայումս հիշյալ ընկերության վերաբերյալ քրեական վարույթներ են քննվում ՀՀ քննչական կոմիտեում: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Լիարժեք չափ» (նույն ինքը՝ «Ֆուլ սայզ») ՍՊԸ-ի կողմից հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Պետությանն առերևույթ պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով նշանակվել է համալիր փորձաքննություն:

ՔԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ նշված կազմակերպության աշխատակցի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթով ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Տվյալ քրեական վարույթով տուժող է ճանաչվել 87 անձ:

Տուժած քաղաքացիների կարծիքով՝ «Ֆուլ սայզ» ընկերությունը վաճառել է ապրանքները՝ կանխավ ունենալով առաքման անհնարինության վերաբերյալ տեղեկատվություն, ինչն ըստ նրանց՝ կարող է վկայել ընկերությանը միտումնավոր սնանկության տանելու գործընթացի մասին։ Ավելին, քաղաքացիները մտահոգություն են հայտնում, որ քրեական վարույթով անցնող ընկերության սեփականատերերը հնարավոր է արդեն երրորդ վաճառակետն են բացել՝ կրկին նույն սխեմայով այլ քաղաքացիների ևս ծուղակը գցելու նպատակով:

Թե որքանո՞վ են հիմնավոր քաղաքացիների կասկածները խարդախության և կանխամտածված սնանկության վերաբերյալ, թե՞ այնուամենայնիվ գործ ունենք կայացած բիզնեսի նկատմամբ վարչարարական ճնշումների հետ, պարզ կդառնա միայն նախաքննության ավարտից հետո: Հույս ունենք այս հրապարակումը ևս կօգնի իրավապահներին ենթադրյալ իրավախախտումների շղթան ամբողջությամբ բացահայտելու և նոր հանցագործությունները կանխելու հարցում:

Հ. Գ. Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև նշված ընկերության կամ դրա ներկայացուցիչների տեսակետն ու պարզաբանումները հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ:

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026