Մեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան
Ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի ու մյուս ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ այսօր հրավիրած հրատապ ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հայաստանում, ըստ նրա, ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 խմ ջուր, որն աշխարհի նորմայից ավելի է կրկնակի։
«Ջրի կորուստը մեր երկրում 65 տոկոս է կազմում։ Այսինքն՝ ընդհանուր 100 տոկոս մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը միայն։ Սա ոչ էֆեկտիվ կառավարման հետևանք է, տարածաշրջանի ամենաջրառատ երկրներից մեկը չի կարող բախվել այս խնդրին։ Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում»,- ասաց նա։
«Ինչպե՞ս կարելի է 65 տոկոս կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք»,-հավելեց Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ն ամբողջ երկրով գիշերներն անջատելու է ջրամատակարարումը։
Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումն անջատվելու։



