Yerevan, 24.July.2026,
00
:
00
BREAKING


Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցների հայտարարությունը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։

Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․

«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, գոհություն և փառք ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ շնորհը պարգևեց մեզ Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական մեր ուխտը և հոգևոր առանձնացումով զորանալու մեր սրբազան կոչման մեջ՝ ներկա խռովահույզ ժամանակներում առավել նախանձախնդրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու արդյունավորել մեր առաքելությունը՝ ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի հավատքի ամրապնդման և հոգևոր կյանքի զորացման։

Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։

Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Եպիսկոպոսաց հավաքը իր եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ նյութերը՝

- «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» (զեկուցող՝ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան),

- «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ» (զեկուցող՝ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան),

- «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (զեկուցող՝ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյան)։

Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային, կառուցողական քննարկումների արդյունքում Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝

ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց Հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում և սփյուռքում ներառում է ազգիս զավակների հոգևոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային և հոգևոր ինքնության պահպանումը։

բ․ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին, որպես «կենդանի Աստծո Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ. Գ 15), ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու և ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։

գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։

Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

- դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

- վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

- ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

- գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝

- գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,

- ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,

- ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։

Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։

Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։

Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։

Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։

Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։

Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։

Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Բարին Աստված, բարեխոսությամբ Ս․ Աստվածածնի և ամենայն սրբոց, անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհի, բոլոր ազգերին ու ժողովուրդներին։

«Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կոր․ ԺԴ 11)»:

Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյան

Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյան

Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյան

Տ. Արամ Արքեպս․Աթեշյան

Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյան

Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյան

Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյան

Տ. Արարատ Եպս. Գալթագճյան

Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյան

Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյան

Տ․ Տաթև Եպս․ Հակոբյան

Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյան

Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյան

Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյան

Տ. Դանիել Եպս. Ֆընտըգյան

Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյան

Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյան

Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյան

Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյան

Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյան

Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյան

Տ․ Առեն Եպս․ Շահենյան

Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյան

Տ. Պարթև Եպս. Բարսեղյան

Տ․ Խորեն Եպս․ Առաքելյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes