Ավանում հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ռուսական տան աշխատակիցները, ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, մասնակցել են ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի արձանին ծաղիկների խոնարհման հանդիսավոր արարողությանը՝ նվիրված նրա ծննդյան 120-ամյակին։
Միջոցառումը կազմակերպել էր մարշալ Հ․Բաղրամյանի անվան Հայաստանի Հանրապետության վետերանների միությունը՝ Ավան վարչական շրջանի հետ համատեղ։ Արարողությանը մասնակցել են ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչներ, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ։
Արարողությունը բացեց Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը․
«Այսօր մենք այստեղ հավաքվել ենք Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի 120-ամյակի առթիվ, ով ծնվել է 1906 թվականին, Չարդախլու գյուղում»։
Դիմելով հյուրերին՝ Սիմոն Եսայանը հանգամանալից ներկայացրեց անվանի հրամանատարի կյանքի ուղին և նրա ռազմական արժանիքները․
«Բաբաջանյանը պարգևատրվել է Լենինի չորս շքանշաններով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Կարմիր դրոշի չորս շքանշաններով, Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, Կարմիր աստղի երկու շքանշաններով, մեդալներով և արտասահմանյան մրցանակներով»։
Միջոցառմանը մասնակցել է նաև գնդապետ Արթուր Բաղրամյանը՝ մարշալ Բաղրամյանի եղբոր թոռը, ով իր և Բաղրամյանի անվան հասարակական-հայրենասիրական կազմակերպության անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին․
«Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյանը մեծ ներդրում ուներ Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի գործում, իսկ պատերազմից հետո՝ Խորհրդային Բանակի հզոր տանկային ուժերի ձևավորման գործում։ Այդպիսի միջոցառումները անհրաժեշտ են մեր ժողովրդին, որովհետև մենք այդպիսի շատ օրինակներ ունենք»։
Ծաղիկների խոնարհումից հետո ներկայացվեց Ավանի մշակույթի կենտրոնի մշակութային ծրագիրը։ Պարերը, բանաստեղծությունները և երաժշտական համարները պատմության և հիշողության հանդեպ հարգանքի յուրահատուկ մթնոլորտ պարգևեցին հանդիպմանը։
Ինչպես նշեց Սիմոն Եսայանը․ «նման միջոցառում առաջին անգամ է այդպիսի բարձր մակարդակի վրա կազմակերպվում», ինչը պատմական ժառանգության պահպանման և սերունդների շարունակականության կարևորության ևս մեկ հաստատում էր։
Հետևեք մեզ՝ այստեղ



