ՊԵԿ-ը հերքում է տնտեսվարող սուբյեկտների և աշխատատեղերի փակման վերաբերյալ Հայկ Ֆարմանյանի տեղեկությունները
POLITICSՊետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հերքել տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանի կողմից հարցազրույցներից մեկում հնչեցված տեղեկատվությունը, թե իբր «2025-ի հունվարի 1-ից ՊԵԿ-ի տվյալներով 3500-3600 տնտեսվարող սուբյեկտ է փակվել» և «10 հազար մարդ կորցրել է աշխատանքը»։
Նախևառաջ անհրաժեշտ է նշել, որ ՊԵԿ-ը չի հրապարակում մոտավոր կամ միջակայքային ցուցանիշներ և կարող է ներկայացնել տվյալները ընդհուպ մինչև մեկ հարկ վճարողի ճշգրտությամբ։
Անցնելով թվային տվյալներին՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականին ակտիվ հարկ վճարողների քանակը բացարձակ թվով ավելացել 5,247-ով, այդ թվում փոքր հարկ վճարողների քանակն ավելացել է 4,928-ով, հետևաբար, Հայկ Ֆարմանյանի կողմից հնչեցված «3500–3600 տնտեսվարող սուբյեկտի փակման» վերաբերյալ պնդումը բացարձակապես հիմնազուրկ է և հակասում է պաշտոնական վիճակագրական տվյալներին։
Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 793 000, ինչը 2024 թվականի համադրելի ժամանակաշրջանի նույն ցուցանիշից ավել է շուրջ 39 000-ով կամ 5,2%-ով, իսկ 2023 թվականի արձանագրված ցուցանիշից` շուրջ 76 000-ով կամ 10,7%-ով, հետևաբար հնչեցված «10 հազար մարդ կորցրել է աշխատանքը» պնդումը նույնպես հիմնազուրկ է և հակասում է պաշտոնական վիճակագրական տվյալներին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններ կատարելիս առաջնորդվել բացառապես փաստական և պաշտոնական տվյալներով՝ զերծ մնալով հանրության շրջանում անհիմն տեղեկությունների տարածումից։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



