SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հղիության ընդհատման հետ կապված «Բեգլարյան» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Դ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Ս․ Դ․-ն հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբեր ամսին Դավիթաշենում ոմն Ս․-ն բռնել է իր ձեռքերից, իսկ վերջինիս ընկեր ոմն Վ․-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը հղիացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ոմն Ս․-ն մարզերից մեկի բնակիչ 17-ամյա Ս․ Բ․-ն է, իսկ ոմն Վ․-ն՝ մեկ այլ մարզի բնակիչ 20-ամյա Վ․ Ս․-ն, և ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։