Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո այս մասին հայտնել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Իմադ Խրեյսը նշել է, որ փրկարարական խմբերը հյուսիսային քաղաքի Բաբ ալ-Թաբանե թաղամասում փլուզված շենքերի փլատակների տակից դուրս են բերել 14 դի և փրկել 8 մարդու:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Լիբանանի Տրիպոլիում փլուզվել էր հարակից երկու շենք: Տրիպոլիի քաղաքային խորհրդի ղեկավար Աբդել Համիդ Քարամեն ասել էր, որ չի կարող հստակ նշել, թե քանի հոգի է դեռ համարվում անհետ կորած: Ավելի վաղ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության փրկարար ծառայության ղեկավարը հայտնել էր, որ երկու շենքում միասին բնակվում էր 22 մարդ: Պետական լրատվամիջոցները, վկայակոչելով քաղաքային իշխանություններին, հաղորդում են, որ վերջին շաբաթների ընթացքում Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, մի քանի հին բնակելի շենքեր են փլուզվել: Լրատվամիջոցների որակավորմամբ՝ սա ընդգծում է ենթակառուցվածքների վատթար վիճակը և տարիների անտեսվածությունը: