Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


«Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին տասնամյակների ընթացքում էներգետիկ ըմպելիքները լայն տարածում են գտել և կայուն տեղ են գրավել բնակչության սննդակարգում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ինչը պայմանավորված է դրանց՝ մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնելու վերաբերյալ ձևավորված հանրային ընկալմամբ:
 
«Հերացի վերլուծական» կենտրոնն անդրադարձել է ներկայում մտահոգություն առաջացնող ալկոհոլ պարունակող էներգետիկներից թունավորման դեպքերին:
 
«Հերացի» կենտրոնից նշում են, որ 2025թ-ի ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի «Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի» կլինիկայում բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում: Այս տեսակի էներգետիկ ըմպելիքները պարունակում են մինչև 9% ալկոհոլ, ինչը մնացած բաղադրիչների հետ միասին դեռահասի օրգանիզմում ունենում է համակարգային տոքսիկ ազդեցություն: Պացիենտների միջին տարիքը 16 տարեկան էր, նրանցից 5-ը արական և 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին: Ալկոհոլի և էներգետիկ ըմպելիքների /ԷԸ/ համադրումը ստեղծում է օրգանիզմի համար համալիր և բազմահամակարգային վտանգ, որը չի սահմանափակվում առանձին բաղադրիչների ազդեցությունների հանրագումարով, այլ հանգեցնում է կարդիոտոքսիկ, նեյրոտոքսիկ և վարքային ռիսկերի նշանակալի աճի։
 
ԷԸ-ը Եվրոպայի և Ասիայի շուկաներում ի հայտ են եկել դեռևս 1960-ականներին և ներկայումս լայնորեն տարածված են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ 2004–2009 թվականների ընթացքում դրանց վաճառքի ծավալների ավելի քան 240%-ով աճը վկայում է շուկայի արագ և ինտենսիվ ընդլայնման մասին։ Ագրեսիվ մարքեթինգային ռազմավարությունները և արտադրանքի լայն հասանելիությունը նպաստել են հասարակության մեջ դրանց համեմատաբար անվնաս լինելու վերաբերյալ կայուն կարծրատիպերի ձևավորմանը։ Մինչդեռ գիտական հետազոտությունների տվյալները փաստում են, որ ԷԸ-ը բարդ բազմաբաղադրիչ խառնուրդներ են՝ արտահայտված ֆարմակոլոգիական ազդեցություններով։
 
Առանձնահատուկ և լուրջ վտանգ է ներկայացնում ԷԸ-ի ալկոհոլի հետ համատեղ օգտագործումը, որը լայն տարածում ունի դեռահասների և երիտասարդների շրջանում։ Թունաբանական կենտրոնների տվյալների համաձայն՝ նման համադրությամբ պայմանավորված թունավորումների դեպքերը զգալիորեն ավելի հաճախ են պահանջում հոսպիտալացում և ուղեկցվում են ծանր կլինիկական դրսևորումներով․ միջին և ծանր ազդեցություններ արձանագրվում են մոտավորապես 40% դեպքերում։ Եվ վերջին օրերին ՀՀ-ում դեռահասների շրջնում արձանագրված ծանր թունավորման դեպքերը ևս մեկ անգամ ընդգծում են տվյալ խնդրի բարձր արդիականությունը ազգային առողջապահական համակարգի տեսանկյունից։
 
ԷԸ-ը դասվում են ֆունկցիոնալ սննդամթերքների շարքին, որոնց կենսաբանական ազդեցությունն ուղղված է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) խթանմանը։ Դրանց հիմնական ակտիվ բաղադրիչը կոֆեինն է, որի պարունակությունը մեկ 250–500 մլ տարողությամբ տարայում կարող է տատանվել 50–505 մգ-ի սահմաններում, ինչը զգալիորեն գերազանցում է ավանդական ոչ ալկոհոլային ըմպելիքներում առկա քանակը։
 
Կոֆեինը գործում է որպես ուղեղի ադենոզինային ռեցեպտորների անտագոնիստ։ Ադենոզինը օրգանիզմում արտադրվող նյութ է, որը մասնակցում է հոգնածության և քնկոտության ձևավորմանը։ Կոֆեինի ազդեցության արդյունքում ադենոզինային ռեցեպտորները արգելափակվում են, ինչի հետևանքով ԿՆՀ-ում մեծանում է կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) և դոպամինի՝ նեյրոտրանսմիտերների արտազատումը, որոնք պատասխանատու են զգոնության, ուշադրության և ակտիվության զգացողության համար։
 
Արդյունքում առաջանում է էներգիայի բարձրացման և կենտրոնացման ուժեղացման տպավորություն, որը սակայն չի արտացոլում օրգանիզմի իրական ֆունկցիոնալ վիճակը․ հոգնածությունը ժամանակավորապես ճնշվում է, մինչդեռ նյարդային համակարգի լարվածությունն ու գերխթանումը շարունակում են կուտակվել։
 
Բացի կոֆեինից՝ ԷԸ-ը պարունակում են մի շարք այլ կենսաբանական ակտիվ բաղադրիչներ, այդ թվում՝ թաուրին, գլյուկուրոնոլակտոն, գուարանա, մարդարմատ (ժենշեն) և B խմբի վիտամիններ։ Թաուրինը օրգանիզմի կողմից սինթեզվող ամինաթթու է, որը մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, ինչպես նաև սիրտանոթային համակարգի գործունեության կարգավորմանը։
 
ԷԸ-ում թաուրինի պարունակությունը կարող է հասնել 2000–4000 մգ/լ-ի, և դրա համադրումը կոֆեինի հետ ունակ է ազդել սրտամկանի էլեկտրոֆիզիոլոգիական հատկությունների վրա՝ փոխելով կալցիումի խողովակների գործառույթը կարդիոմիոցիտներում։ Կալցիումի խողովակները հանդիսանում են սրտի բջիջների թաղանթային կառուցվածքներ, որոնք առանցքային դեր ունեն սրտի կծկումների հաճախականության և ռիթմի վերահսկման գործընթացում։
 
Գուարանան բուսական ծագման հումք է, որը հանդիսանում է մետիլքսանտինների՝ կոֆեինի, թեոբրոմինի և թեոֆիլինի բնական աղբյուր։ Գուարանայի մեջ պարունակվող կոֆեինը հաճախ չի ներառվում արտադրանքի վրա նշված ընդհանուր կոֆեինի քանակի հաշվարկում, ինչի հետևանքով ԷԸ-ի իրական խթանող ազդեցությունը կարող է զգալիորեն գերազանցել սպառողի ակնկալիքները՝ բարձրացնելով գերխթանման և անցանկալի ֆիզիոլոգիական ռեակցիաների առաջացման ռիսկը։
 
Օրգանիզմի համար լրացուցիչ նյութափոխանակային ծանրաբեռնվածություն է ստեղծում նաև ԷԸ-ում շաքարի բարձր պարունակությունը․ մեկ տարայում դրա քանակը կարող է հասնել 54–62գ-ի, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՀԿ-ն կողմից առաջարկված ազատ շաքարների օրական ընդունման սահմանաչափը։ Արագ յուրացվող ածխաջրերի բարձր դոզան առաջացնում է արյան գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների կտրուկ տատանումներ, որոնք ուղեկցվում են էներգիայի կարճաժամկետ բարձրացման սուբյեկտիվ զգացողությամբ։ Սակայն այդ վիճակին հաճախ հաջորդում են աշխատունակության արտահայտված նվազում և հոգնածության խորացում։
 
ԿՆՀ-ի զարգացման գործընթացը վերջնականորեն չավարտած երեխաների և դեռահասների շրջանում կոֆեինի և ալկոհոլի համակցված ազդեցությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ նեյրոտոքսիկ հետևանքների։ Ալկոհոլը հանդիսանում է ԿՆՀ-ի դեպրեսանտ՝ դանդաղեցնելով ուղեղային գործունեությունը և նվազեցնելով ինքնակառավարման և վարքագծային վերահսկման մեխանիզմները։
 
Միևնույն ժամանակ, կոֆեինը և ԷԸ-ում պարունակվող այլ խթանող նյութերը ժամանակավորապես թուլացնում կամ խեղաթյուրում են ալկոհոլի սեդատիվ ազդեցությունը՝ վերացնելով հոգնածության և քնկոտության սուբյեկտիվ զգացողությունները, որոնք նորմալ պայմաններում կատարում են պաշտպանական դեր՝ ազդարարելով ալկոհոլի չափից ավելի օգտագործման մասին։
 
Այս պարագայում արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիան, ինչպես նաև ճանաչողական գործառույթների խանգարումները, արձագանքման արագության նվազումը, որոշումներ ընդունելու կարողության և շարժումների կոորդինացիայի խախտումները պահպանվում են։ Արդյունքում ձևավորվում է այսպես կոչված «թաքցված հարբածության» ֆենոմենը կամ «արթուն հարբածի» վիճակը, երբ անձը սուբյեկտիվորեն իրեն զգում է ավելի սթափ և վերահսկելի, քան իրականում։
 
Այս ազդեցությունների հետևանքով հաճախ դիտվում է ինքնակառավարման և վարքագծային վերահսկման մեխանիզմների խաթարում, որն ուղեկցվում է ռիսկային վարքագծի հաճախականության աճով՝ ներառյալ կոնֆլիկտային իրավիճակներում ներգրավվածությունը և տրանսպորտային միջոցների վարումը ալկոհոլային ազդեցության պայմաններում։ Զգալիորեն բարձրանում է վնասվածքների և բռնության ռիսկը․ գիտական ուսումնասիրությունները փաստում են վնասվածք ստանալու հավանականության ավելի քան կրկնակի աճ, ինչպես նաև սեռական բռնության զոհ դառնալու կամ դրա իրականացման մեջ ներգրավվելու հավանականության էական բարձրացում։ Երիտասարդների շրջանում ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը ասոցացվում է կոնֆլիկտային իրավիճակների հաճախականության քառապատիկ, իսկ ալկոհոլով պայմանավորված վնասվածքների՝ հնգապատիկ աճի հետ։
 
Երկարաժամկետ բացասական հետևանքներ են արձանագրվում նաև հոգեբանական և նյարդահոգեբանական ոլորտներում։ Ամենահաճախ հանդիպող գանգատներն են անքնությունը (34,5%), նյարդային լարվածությունն ու դողը (25,1%), ինչպես նաև գլխացավերը (18,4%)։ Կոֆեինի բարձր չափաբաժինները նվազեցնում են ցնցումային շեմը և կարող են նպաստել էպիլեպտիկ նոպաների առաջացմանը՝ նույնիսկ այն անձանց մոտ, ովքեր նախկինում էպիլեպսիայի ախտորոշում չեն ունեցել։ Հոգեկան խանգարումների շարքում առավել հաճախ արձանագրվում են սթրեսի մակարդակի բարձրացում (35,4%), դեպրեսիվ ախտանշաններ (23%) և ինքնասպանության մտքեր ու փորձեր, որոնց հաճախականությունը հասնում է մինչև 19,8%։
 
Ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը բացասաբար է անդրադառնում նաև սիրտանոթային համակարգի վրա։ Կոֆեինը ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը՝ առաջացնելով սրտի ռիթմի արագացում և զարկերակային ճնշման աճ, մինչդեռ ալկոհոլը խաթարում է սրտամկանի էլեկտրական հաղորդունակությունը։ Այս գործոնների համատեղ ազդեցությունը էականորեն բարձրացնում է սրտի ռիթմի խանգարումների զարգացման ռիսկը, այդ թվում՝ կյանքին սպառնացող ծանր առիթմիաների առաջացման հավանականությունը։ Հետազոտությունների տվյալներով՝ նման օգտագործման դեպքում 26,2% դեպքերում արձանագրվում է հաճախասրտություն, 10,3% դեպքերում՝ կրծքավանդակի ցավ, իսկ մեծահասակների շրջանում հաճախասրտության տարածվածությունը կարող է հասնել մինչև 56,6%։
 
Առանձնահատուկ խոցելի խումբ են կազմում երիտասարդները, որոնք ունեն չախտորոշված բնածին կամ ֆունկցիոնալ սիրտանոթային խանգարումներ։ Բժշկական գրականությունում նկարագրված են վերփորոքային հաճախասրտության, նախասրտերի և փորոքների ֆիբրիլյացիայի, կորոնար անոթների սպազմի, ինչպես նաև ST սեգմենտի բարձրացումով սրտամկանի ինֆարկտի դեպքեր, որոնք որոշ իրավիճակներում ավարտվել են հանկարծակի մահվամբ։
 
Ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռման, գաստրիտի և էրոզիվ փոփոխությունների զարգացման։ Որովայնային ցավը դիտվում է մոտ 14,6% դեպքերում, սրտխառնոցն ու փսխումը՝ 18,7% դեպքերում, իսկ որոշ դեպքերում նկարագրվում են սուր հեպատիտի և սուր պանկրեատիտի զարգացում։ Կոֆեինի և ալկոհոլի համակցված դիուրետիկ ազդեցությունը նպաստում է օրգանիզմի հեղուկի կորստին, էլեկտրոլիտային հավասարակշռության խախտմանը՝ ներառյալ հիպոնատրիեմիան և հիպոկալիեմիան, իսկ ծանր դեպքերում կարող է հանգեցնել սուր երիկամային անբավարարության զարգացմանը։
 
Աշխարհի բազմաթիվ երկրներում սննդամթերքի որակի և անվտանգության վերահսկման համապատասխան մարմինները ճանաչել են կոֆեինի ավելացումը ալկոհոլային ըմպելիքներում վտանգավոր և արգելել են պատրաստի ալկոհոլային ԷԸ-ի վաճառքը։ Սակայն ինքնուրույն խառնելու պրակտիկան շարունակում է լայնորեն կիրառվել, իսկ մեր երկրում այսպիսի ըմպելիքները դեռևս հասանելի են հանրության, այդ թվում՝ դեռահասների համար։
 
«Այսպիսով, Հաշվի առնելով, որ երեխաների և երիտասարդների շրջանում ալկոհոլ պարունակող ԷԸ-ի սպառումը շարունակում է աճել, այս խնդիրը ստանում է առանձնակի կարևորություն հանրային առողջապահության համատեքստում։ Ուստի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ ընդգրկելով հանրության իրազեկվածության բարձրացումը, անչափահասների համար հասանելիության սահմանափակումները նման արտադրանքներին, ինչպես նաև բժշկական համայնքի ակտիվ ներգրավվածությունը՝ պատասխանատու և գիտակցված վերաբերմունք ձևավորելու գործընթացում»,- նշում են «Հերացի» կենտրոնից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026