«Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը
ANALYSIS«Քաղպայմանագիր» կուսակցությունը շարունակում է ակտիվ ռեժիմով պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։ Հիշեցնենք՝ կուսակցության ընտրական ցուցակում ներգրավելու համար ստացվել էր 380 դիմում։ Առաջին փուլում ցուցակը քաստինգի ենթարկելուց հետո, ի վերջո, մոտ 300 քպականների մասնակցությունը հաստատել էին։ Այս օրերին էլ վարչությունը մանրամասն զտում է մնացած 300 հոգանոց ցուցակը՝ վերջնական 200 հոգանոց ցուցակ ներկայացնելու համար։
Ընդ որում՝ հաշվի են առնում թեկնածուի բոլոր որակները, այդ թվում՝ նաև կոնֆլիկտայնությունը, տարբեր անձանց հետ փոխհարաբերությունները, կուսակցության ներսում իրենց պահելու ձևը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ թեկնածուների, անգամ նախկին և գործող պաշտոնյաների գրանցումը վերջնականապես մերժել են՝ հաշվի առնելով, որ վերջիններս իրենց զսպելու ընդունակություն չունեն։ Մեր աղբյուրը նշեց, որ այդ թեկնածուներից մեկն էլ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանն է։
Վերջինիս՝ փոխմարզպետի պաշտոնից հեռացնելուց հետո, ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրեն են նշանակել, և այժմ էլ մերժել ընտրական ցուցակում նրան ներգրավելու հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ Փարվանյանը խնդիրներ ունի մարզպետի հետ, անգամ մի դեպքում իրար են քաշքշել և հարվածել, որից հետո էլ Փարվանյանին հեռացրեցին փոխմարզպետի պաշտոնից։ Իսկ Ապարանից ընտրական ցուցակի անցողիկ տեղերում գրելու են վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կնոջը։ Վերջինիս համար լոբբինգ իրականացնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ապարանցի պատգամավորի մտերիմ ընկերն էր։
Շուշան Ասատրյան



