Ալեքսանդր Ադաբաշյանը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կինոդրամատուրգ, դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» մրցանակով՝ ռուսական կինոյում իր նշանակալի ներդրման համար։
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 24-րդ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությունը մեկնարկել է հունվարի 30-ին «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում։
Բացելով միջոցառումը, Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան կարդացել է արարողության մասնակիցներին և հյուրերին հղված նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Ուղերձում նշվում է, որ «այս հեղինակավոր մրցանակը բարձր հասարակական հեղինակություն է ձեռք բերել և տաղանդավոր ռեժիսորների, դերասանների, սցենարիստների, օպերատորների, նկարիչների և կոմպոզիտորների մասնագիտական ճանաչման խորհրդանիշ է դարձել»։
Ալեքսանդր Ադաբաշյանը, ընդունելով մրցանակը, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և ընդգծել, որ իր վաստակը «շատ հարաբերական է», քանի որ դերասանական արվեստի իր բոլոր նվաճումներն ականավոր վարպետների մոտ աշակերտելու արդյունք են։ «Վարպետների հարցում բախտս բերել է»,- նշել է նա։
Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում։ 1962 թվականին նա ընդունվել է Մոսկվայի արդյունաբերական արվեստի բարձրագույն ուսումնարան: Նա խաղացել է քառասունից ավելի երկրորդական դերեր՝ ստեղծելով հիշարժան էկրանային կերպարներ, որոնց թվում՝ ինժեներ Տիմոֆեևին «Հինգ երեկո» ֆիլմում, սպասավոր Բերիմորին «Բասկերվիլների շունը» ֆիլմում և Բեռլիոզին «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում:
1990 թվականին Ադաբաշյանը կատարել է իր ռեժիսորական դեբյուտը ֆրանսիական «Մադո, ցպահանջ» ֆիլմով, որը ներառվել է Կաննի կինոփառատոնի «Ֆրանսիական կինոյի հեռանկարներ» ծրագրում և արժանացել գլխավոր մրցանակի:
«Ոսկե արծիվը» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ է, որը հիմնադրել է 2002 թվականին Կինոարվեստի և գիտության ազգային ակադեմիան: Մրցանակը շնորհվում է կինոյի ոլորտում ակնառու նվաճումների համար՝ Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա:
Հետևեք մեզ՝ այստեղ



