«Երկար տարիներ վարձով ապրելուց հետո սեփական տուն ունեցանք». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի շենքի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացումը պատմական և խիստ պարտավորեցնող օր է թատրոնի ողջ թիմի համար։ Այդպես է բնորոշում օրը թատրոնի դերասան Արման Նավասարդյանն՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ սպասված երազանքը վերջապես իրականություն է դարձել։
«Սա շատ երկար սպասված ու բաղձալի օր է։ Հույս ունեմ՝ կարդարացնենք այդ սպասումները, և մեկը մյուսի հետևից լավ ներկայացումներ կբեմադրվեն մեր թատրոնում։ Օրը շատ տպավորիչ է, բայց նաև պարտավորեցնող»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի խոսքով՝ շենքի շինարարության մեկնարկն արդեն վստահություն էր ներշնչում, որ գործը վերջնականապես կհասնի իր ավարտին.
«Երբ ինչ-որ բանի մեկնարկը տրվում է, ավարտն էլ կանխատեսելի է դառնում։ Այդ պահին ես խորը շունչ քաշեցի»։
Տարիներ շարունակ Համազգային թատրոնը հանդես է եկել տարբեր բեմերում՝ այլ հաստատությունների հարկի տակ։ Դերասանի բնորոշմամբ՝ դա «ուրիշի մուննաթի տակ» աշխատելու իրավիճակ էր, թեև ամեն անգամ թատրոնի անձնակազմը փորձել է իրեն զգալ տանտիրոջ պես՝ պատասխանատվությամբ մոտենալով տրամադրված յուրաքանչյուր տարածքի։
«Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք մեզ տարիներ շարունակ օթևան են տվել՝ առանց որևէ ակնկալիքի։ Բայց այսօր մենք մեր սեփական տանիքն ունենք, և նույնիսկ դեռ սովոր չենք այդ զգացողությանը։ Դա նման է նրան, երբ երկար տարիներ վարձով ես ապրել ու հանկարծ սեփական տուն ես ունենում»,- նշեց Արման Նավասարդյանը։

Նոր շենքը թատրոնի համար բացում է լայն հնարավորություններ՝ սեփական բեմ, սեփական դահլիճ, փորձերի ազատ գրաֆիկ։
«Այժմ բեմն ամբողջությամբ մերն է, դահլիճը՝ մերն է։ Կարող ենք փորձ անել երբ ուզենք, ինչ ժամի ուզենք։ Նախկինում հաճախ բախվում էինք խնդիրների՝ բեմի կամ դահլիճի հասանելիության հետ կապված, հատկապես պրեմիերաների նախաշեմին»,- նշեց նա։
Արման Նավասարդյանը Համազգային թատրոնում աշխատում է 1999 թվականից՝ շուրջ 27 տարի։
«Սա պարզապես աշխատանք չէ, մի ամբողջ կյանք է»,- անկեղծացավ նա։

Զրույցի ավարտին դերասանն ընդգծեց, որ նոր շենքն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է հանդիսատեսի առաջ.
«Մեր միակ նպատակը պետք է լինի որակյալ, լավ ու ճշմարիտ արվեստ մատուցելը մեր հավատարիմ հանդիսատեսին։ Մնացածը ժամանակի ընթացքում կկարգավորվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն արդեն նոր հասցե ունի՝ Անրի Վերնոյ 3։
Հետևեք մեզ՝ այստեղ



