«Իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ՝ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը». Դիանա Գրիգորյանը՝ «Գոյամարտ» հեռուստանովելի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ապրելը պայքար է, չպայքարելը՝ մահ: Ով պայքար չի տեսել, կյանքը չի ճանաչել: Կյանքի իրական իմաստը բացվում է պայքարի մեջ՝ գոյամարտի:
Մեր նոր հեռուստանովելի սյուժեն այս խոսքերի իրական ապացույցն է: Մեղքը մարդու թուլության արդյունք է: Մենք մեր նախագծերում մշտապես ներկայացնում ենք կյանքն ինչպես կա՝ իր բոլոր ենթաշերտերով: Միայն մեկ բացառությամբ՝ մեզ մոտ միշտ բարին է հաղթում: Իսկ բարության հիմքում սերն է, որը մեր հեռուստադիտողի համար ոգեշնչման աղբյուր է դառնալու»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով նոր՝ «Գոյամարտ» նախագծի մասին, պատմել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նկարահանումներն արդեն մեկնարկել են:
«Դրանք շարունակական են լինելու, որովհետև սյուժետային ճյուղը ձգվում է ՀՀ սահմաններից դուրս, Մոսկվայում արդեն սկսել ենք նկարահանումները: Դա կրելու է ոչ թե դեմոստրատիվ բնույթ, այլ՝ սյուժեի պահանջներից ելնելով»,- նշեց Դիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ ինչպես միշտ, այս անգամ ևս համագործակցելու է Հայաստանի լավագույն դերասանների հետ:
«Ֆիլմում ներգրավված են Դավիթ Հակոբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռուզաննա Մանուչարյանը, Լևոն Մկրտչյանը, Մանե Հակոբյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Նորիկ Առուստամյանը, Անի Մեհրաբյանը, Տիգրան Աղալարյանը, Կարո Հովհաննիսյանը և այլք: Վստահ եմ, որ յուրաքանչյուր կերպար իրենց մատուցմամաբ՝ ավելի շոշոփելի է լինելու:
Տերը քաղցր է բոլորի հանդեպ և նրա գթությունը տարածվում է բոլորի վրա, միայն թե կարևոր է ժամանակին հետ կանգնել, ընդունել սխալն ու սկսել նորից՝ մաքուր էջից:
Ուժը միայն ֆիզիկական չէ, իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ՝ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը, սկզբունքներն ու սերը չկորցնելն է: Միայն այդ ժամանակ ես բարձրանում դեպի վեր, դեպի մաքուրը, հաղթանակը: Սա է ֆիլմի ասելիքը»,- ամփոփեց Դիանա Գրիգորյանը:










Հետևեք մեզ՝ այստեղ



