Մակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում, ոչ էլ աշխարհում որեւէ այլ տեղ, երբ մենք բախվենք նման իրավիճակների»։ Այս մասին Х սոցցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Սակագնային սպառնալիքներն անընդունելի են, եւ դրանք տեղ չունեն այս համատեքստում։ Եվրոպացիները կարձագանքեն դրանց միասնական եւ համակարգված կերպով, եթե դրանք հաստատվեն։ Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանենք եվրոպական ինքնիշխանությունը։ Հենց այդ ոգով ես կխոսեմ մեր եվրոպացի գործընկերների հետ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան հավատարիմ է պետությունների ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես Եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում։
«Դա է որոշում մեր ընտրությունը։ Դա է ընկած Միավորված Ազգերի Կազմակերպությանը եւ մեր Կանոնադրությանը հավատարմության հիմքում։ Հենց այդ հիմքով ենք մենք պաշտպանում եւ կշարունակենք աջակցել Ուկրաինային, եւ մենք ստեղծել ենք մարդկանց կոալիցիա, որոնք ձգտում են ամուր եւ երկարատեւ խաղաղության, այդ սկզբունքների եւ մեր անվտանգության պաշտպանության համար։ Ելնելով սրանից՝ մենք նաեւ որոշում ենք ընդունել միանալ Դանիայի եւ Գրենլանդիայի իրականացնելիք զորավարժություններին։ Մենք աջակցում ենք այս որոշմանը։ Հատկապես այն պատճառով, որ այն վերաբերում է Արկտիկայի եւ մեր Եվրոպայի սահմանների անվտանգությանը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր երկիրը երկար տարիներ «սուբսիդավորել» է Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին եւ մյուսներին՝ տուրքեր չգանձելով նրանցից կամ որեւէ այլ վճար չստանալով։
Հիմա, ըստ Թրամփի, ժամանակն է, որ Դանիան «վերադարձնի պարտքը»։
Նրա խոսքով՝ Չինաստանը եւ Ռուսաստանը «ցանկանում են ձեռք բերել» Գրենլանդիան, եւ Դանիան «ոչինչ չի կարող անել այս հարցում»։
«Ներկայում նրանք ունեն շների երկու լծասայլակներ պաշտպանության համար, մեկն ավելացել է վերջերս։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ գլխավորությամբ, կարող է խաղալ այս խաղը, ընդ որում՝ մեծ հաջողությամբ։ Ոչ ոք չի դիպչի այս սրբազան հողակտորին, մանավանդ որ վտանգված է Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ի թիվս այլ բաների, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները եւ Ֆինլանդիան Գրենլանդիա են մեկնել «անհայտ նպատակներով», եւ 2026թ․ փետրվարի 1-ից սկսած՝ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն, Նիդեռլանդներն եւ Ֆինլանդիան կենթարկվեն 10 տոկոս մաքսատուրքի Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար։
2026թ․ հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրանա մինչեւ 25 տոկոս։ Այն ուժի մեջ կմնա մինչեւ Գրենլանդիան ամբողջությամբ գնելու համաձայնագրի կնքումը։ Միացյալ Նահանգները ավելի քան 150 տարի փորձում է իրականացնել այս գործարքը»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



