Փաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը
ANALYSISՄինչ ՀՀ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական լույսի ներքո, Թուրքիայի իշխանությունները չեն վարանում հերթական անգամ ծաղրել նույն այդ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը։ Օրերս թուրքական պետական հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ուշագրավ հայտարարություն է արել, որը լիովին բացահայտում է թե՛ թուրք-ադրբեջանական քաղաքականության նրբերանգները, թե՛ ինչպես են Հայաստանին վերաբերվում իր հարևաններն ու անգամ վերջերս թիվ մեկ գործընկեր դարձած Միացյալ Նահանգները։
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», – հայտարարել է Ֆիդանը և նշել, թե ԱՄՆ նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին։
«Սա վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև ադրբեջանա-հայաստանյան սահման, Սիրիայից մինչև այլ շրջաններ», – ասել է Ֆիդանը։ Այն, որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանին վաղուց այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, կարծես որևէ մեկի համար գաղտնիք չէր։ Դիցուք, երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունում ընդունել և TRIPP-ի հարցով քննարկում են ունեցել ամերիկյան մի պատվիրակության հետ, որն այդպես էլ Հայաստան չի ժամանել։ Առանցքային կարևորության այս հարցը Միացյալ Նահանգները քննարկում է հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Հայաստանին էլ որևէ կերպ հաշվի չեն առնում, և Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու մասին, կարծես լիովին համապատասխանում է իրականությանը։
Ի դեպ, իշխանական քարոզչամեքենան «ճնշում» բառը փոխարինել է «խրախուսել» բառով՝ դրա բացասական էֆեկտը զրոյացնելու նպատակով, բայց Թուրքիայի արտգործնախարարը հենց այդ բառն էլ օգտագործել է։ Առաջիկայում, հաշվի առնելով տարածաշրջանում եռացող իրավիճակը, բավականին լուրջ զարգացումներ են լինելու, և մեր երկրին ոչ ոք ոչինչ չի էլ հարցնում, փոխարենը ծաղրում են Փաշինյանին, որն ամեն օր նոր սրտիկներ է ուղարկում հանրությանը։
Մարիամ Գալստյան



