ԶՊՄԿ վճարած բնապահպանական հարկից շահում են Քաջարանի բնակիչները
ECONOMICSԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարված բնապահպանական հարկից Քաջարան համայնքին տրամադրված մասհանման շնորհիվ էականորեն բարելավվել են բժշկական կենտրոնի կարողությունները։ Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենը ցուցադրել է այն սարքավորումները, որոնցով համալրվել են 2025 թվականի համայնքապետարանի իրականացրած առողջապահական ծրագրի շնորհիվ՝ սրտի էլեկտրական ակտիվացման դեֆիբրիլյատոր, շարժական ռենտգեն ախտորոշիչ, վիրահատարանի բազմաֆունկցիոնալ մոնիթոր։
Ծրագիրը շարունակական է լինելու, նոր սարքավորումներ էլ կբերվեն 2026-ին։ ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման առյուծի բաժինը ծախսվել է Գեղի գետի վտակ Պահագետի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, Քաջարան համայնքը ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման արդյունքում 2025 թվականին ստացել է 235 միլիոն դրամ։ Սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է ԶՊՄԿ-ն, առանցքային նշանակություն ունեն Սյունիքի և մարզում հանգրվանած արցախցիների համար։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։
Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Աննա Մարգարյան



