Արցախի հանրապետության պատվիրակության առաջին պաշտոնական այցը Լոնդոն խոստումնալից հիմքեր ստեղծեց. Դավիթ Բաբայան
INTERVIEW
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին մեկնել է Մեծ Բրիտանիա: Բակո Սահակյանը հրավիրված էր Լոնդոն, որպեսզի այնտեղ հուլիսի 8-ին մասնակցեր Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:
Որոշ քաղաքական վերլուծաբաններ գտնում են, որ Բակո Սահակյանին հրավիրելով՝ ոչ ուղիղ, բայց ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բակո Սահակյանին՝ որպես այդ պետության ղեկավար:
Խոսելով այցի արդյունավետության մասին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Արդյունավետությունը գնահատում եմ բարձր, քանի որ մենք կարևոր հանդիպումներ ենք ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Chatham House-ում, բրիտանական խորհրդարանում: Բավականին խոստումնալից հիմքեր ստեղծվեցին: Սա Արցախի հանրապետության պատվիրակության առաջին պաշտոնական այցն էր Լոնդոն»:
Դավիթ Բաբայանը նաև ասաց, որ ադրբեջանական կողմից արվել է ամեն բան, որպեսզի խափանվեն այդ հանդիպումները, բայց նրանք չհասան իրենց նպատակին:
Լևոն Փանոսյան




















































