Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստան-Արևմուտք ներկայիս հակադրության մեջ աստիճանաբար ավելի ու ավելի հստակ է դառնում հատկապես մի միտում, որը հաճախ առաջին հայացքից նկատելի չէ։ Խնդիրն այն է, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի առաջնահերթ մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը դիտվում է որպես համակարգային մրցակից՝ հսկայական բնակչությամբ, արագ աճող տեխնոլոգիական կարողություններով, ֆինանսական հզորությամբ ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու ռազմավարությամբ։ Այս նախագիծը Չինաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն առևտրի և լոգիստիկայի հարթակի վերածել Խաղաղօվկիանոսյան ավազանը, Եվրասիան, Աֆրիկան ու Եվրոպան կապող տարածքները, այլև իր ազդեցությունն ընդլայնել այնպիսի առանցքային տարածքներում, ինչպիսիք են Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, Բալկանները, Աֆրիկայի մեծ մասը։ Այս համատեքստում Չինաստանի զսպումը դառնում է ամերիկյան ռազմավարության առանցքային գիծը։

Ըստ այդմ, ԱՄՆ-ը, գտնվելով աշխարհագրորեն շատ հեռու, բայց ունենալով գլոբալ հավակնություններ, ստիպված է ավելի սառնասրտորեն հաշվարկել ուժերի դասավորությունը՝ իր առաջնահերթությամբ պահելով Չինաստանին որպես թիվ մեկ հակառակորդ։ Հետևաբար, Վաշինգտոնի ռազմավարական տրամաբանությունը կարող է ներառել այնպիսի տարբերակ, որտեղ Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը ինչ-որ պահի, ամերիկյան ճնշման ու միջնորդության ներքո, անգամ ցավոտ փոխզիջումների գնով, ստիպված լինեն գալ որոշակի համաձայնության՝ գոնե հակամարտության սառեցման կամ սահմանափակ կարգավորման մակարդակով։ Այդպիսի զարգացման հիմնական իմաստն այն կլինի, որ ԱՄՆ-ը կփորձի Եվրոպայի արևել յան ճակատում նվազեցնել լարվածությունը՝ իր ռեսուրսներն ու ուշադրությունը ավելի լիարժեք կենտրոնացնելու Չինաստանի ուղղությամբ՝ հատկապես Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական ճակատների ուղղությամբ։

Սակայն մինչ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր պայմանական հաշտության ու վերակողմնորոշման գործընթացները դեռևս մնում են ապագայի հարթության վրա և կախված են մի շարք անկանխատեսելի գործոններից, Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությամբ և պատժամիջոցների ճնշման պայմաններում ստիպված է մեծապես կենտրոնանալ հենց եվրոպական ուղղության վրա։ Այս կենտրոնացումը, սակայն, հանգեցրել է միանգամայն պրագմատիկ հետևանքի՝ Ռուսաստանը թուլացրել է իր ներգրավվածությունն ու վերահսկողության մակարդակը այն տարածաշրջաններում, որոնք երկար տարիներ դիտարկվել են որպես Մոսկվայի ավանդական ազդեցության գոտի՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջաններ, ինչպես նաև՝ Միջին Ասիա։

Սա բացել է դուռը այլ խաղացողների համար, իսկ դրանց շարքում ամենաակտիվն ու ամենաամբիցիոզը վերջին տասնամյակներում հենց Թուրքիան է։ Այս երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ վարում է բավական յուրովի, հաճախ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել իր հարաբերությունները Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Անկարան ձգտում է ձևավորել ինքնուրույն ուժային կենտրոնի կերպար՝ մասնավորապես իր շուրջը համախմբելով թուրքալեզու և լայն իմաստով մահմեդական աշխարհին մոտ կանգնած երկրներին։ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքի մեծ մասը Թուրքիայի համար ոչ միայն պատմամշակութային, «նեոօսմանական» ու «նեոթուրքական» պատկերացումների դաշտ է, այլ՝ կոնկրետ տնտեսական և ռազմավարական միջանցքների տարածք։

Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցության առանցքային թատերաբեմերից մեկն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո վերաձևավորվեց ողջ տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը։ Պատերազմից առաջ Ռուսաստանը երկար տարիներ պահպանել էր հարաբերական հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լինելով դե ֆակտո անվտանգության երաշխավորը Հայաստանի համար և միաժամանակ պահպանելով ռազմավարական կապեր Բաքվի հետ։ Արցախյան երկրորդ պատերազմի ֆոնին Թուրքիան ավելի համարձակ դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես այն պայմաններում, որ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական հակամարտությամբ։

Ալիևի իշխանության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև զորավարժությունների, ռազմատեխնիկական համագործակցության ու «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանության խորացմամբ Անկարան ամրապնդեց իր դիրքերը Ադրբեջանում՝ այն վերածելով յուրատեսակ հենակետի Կասպից ծովի ու Միջին Ասիայի ուղղությամբ թուրքական ազդեցությունը տարածելու համար։

Միաժամանակ, Թուրքիան փորձում է ակտիվացնել կապերը Վրաստանի հետ՝ ներառյալ էներգետիկ ու տրանսպորտային միջանցքների ամրապնդումը։ Այս կերպ Թուրքիան ձևավորում է արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվող մի լայն գոտի՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով, որն իր համար ունի ինչպես տնտեսական, այնպես էլ խորապես աշխարհաքաղաքական նշանակություն։ Բնական է, որ այս տարածքում Ռուսաստանի ավանդական ազդեցության պայմանական նահանջը և Թուրքիայի հավակնությունները բերում են ընդհանրական բախման դաշտի ընդլայնման։

Միջին Ասիան ու կենտրոնասիական հանրապետությունները Թուրքիայի համար ներկայացնում են միանշանակ ռազմավարական արժեք՝ որպես թուրքալեզու և մասամբ մուսուլմանական պետությունների մի ամբողջ շարք, որոնք աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ հանդիսանալով նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարևոր հանգույցներ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը երկար ժամանակ պահեց գրեթե մենաշնորհային դիրքեր այս հանրապետությունների անվտանգային համակարգում՝ ռազմական բազաներով, միգրացիոն քաղաքականությամբ, տեղեկատվական դաշտում գերիշխող ներկայությամբ։ Սակայն այժմ, երբ Ռուսաստանը ծանրաբեռնված է արևմտյան ուղղությամբ, Միջին Ասիան կամաց-կամաց սկսում է քայլեր ձեռնարկել ավելի բազմավեկտորություն։ Այդ տարածքում մեծանում է ոչ միայն Չինաստանի, այլև Թուրքիայի ներկայությունը՝ կրթական ծրագրերով, մշակութային ու կրոնական կապերով, ենթակառուցվածքային նախագծերով և տարբեր տնտեսական նախաձեռնություններով։

Այս երկարատև գործընթացների ֆոնին Անկարայում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում խիստ ժամանակավոր է։ Պատմական փորձն ու Ռուսաստանի պետական մտածողության օրնաչափությունները հուշում են, որ Մոսկվան, հենց որ որոշ չափով լուծի կամ սառեցնի իր խնդիրները եվրոպական ուղղությամբ, անպայման կփորձի վերադառնալ այն ազդեցության գոտիներ, որոնք ավանդաբար դիտել է որպես սեփական ազեդության դաշտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար դրանք ոչ միայն «մերձավոր արտասահման» կոչվող տարածքներ են, այլև ռազմավարական խորք, առանց որի Մոսկվան չի կարող իրեն զգալ անվտանգության մեջ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գաղափարական առումով։

Ուստի, Թուրքիայում ստրատեգիական հաշվարկը հետևյալն է. եթե այսօր, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում և պատժամիջոցային ճնշումների տակ է, հնարավոր է առավելագույնս ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում, ապա վաղը, երբ Ռուսաստանը փորձի վերականգնել իր ներկայությունն այդ տարածքներում, բախումը Մոսկվայի հետ կդառնա անխուսափելի։ Այդ բախումը պարտադիր չէ, որ միանգամից լինի բաց առճակատման կամ պատերազմական բախման տեսքով, բայց քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ, տրանսպորտային, ինֆորմացիոն հարթության վրա հակադրությունը ժամանակի հարց է։ Այս հեռանկարն Անկարային ստիպում է ավելի ճկուն ու նախօրոք հաշվարկված քաղաքականություն վարել թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի նկատմամբ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի՝ վերջին շրջանի՝ դեպի Արևմուտք որոշակի թեքվելու միտումը։ Չնայած Անկարան հաճախ խոսում է ինքնուրույն քաղաքականության մասին, չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիայի տնտեսական անվտանգությունն ու ֆինանսական կայունությունը մեծ առումով կախված են արևմտյան շուկաներից, ներդրումներից, տեխնոլոգիաներից և հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների վիճակից։

Ելնելով վերոնշյալից՝ Թուրքիան ձգտում է ունենալ ամերիկյան ու եվրոպական ամուր թիկունք՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմատեխնիկական ու դիվանագիտական մակարդակով։ Այստեղից էլ բխում են այն հնարավոր զարգացումները, որ Անկարան իր քայլերով կփորձի մեղմել կուտակված լարվածությունը Վաշինգտոնի հետ՝ ներառյալ ընդառաջ գնալով այնպիսի սիմվոլիկ, բայց շատ կարևոր հարցերում, ինչպիսին է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված S-400 զենիթահրթիռային համակարգերի թեման։ Այդ համակարգերի ձեռքբերումը ժամանակին ընկալվում էր որպես Անկարայի ռազմավարական հեռացման քայլ ՆԱՏՕ-ի ստանդարտներից և Ռուսաստանի հետ ավելի խոր համագործակցության պատրաստակամությանն ուղղված ցուցիչ։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ գործարքը Թուրքիայի համար ավելի շատ խնդիրներ բերեց, քան օգուտներ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներ, լարվածություն ՆԱՏՕ-ի ներսում, կասկածներ Թուրքիայի՝ որպես դաշնակցի հուսալիության վերաբերյալ։ Այժմ Անկարան պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որ դրանք օգնեն վերագտնել ամերիկյան վստահությունը և ամրացնել Թուրքիայի տեղը արևմտյան ռազմաքաղաքական ճարտարապետության ներսում՝ որպես անփոխարինելի և առանցքային տարածաշրջանային դերակատար։ Նման զարգացումը տրամաբանական է այն տեսակետից, որ եթե Ռուսաստանը և Արևմուտքը որոշակի պահի շարժվեն դեպի պայմանական կարգավորման, ապա Մոսկվան ստիպված կլինի վերագնահատել իր առաջնահերթությունները եվրասիական տարածքում, իսկ արևմտյան ճնշումների թուլացման պարագայում ռուսական ռեսուրսներն ավելի շատ կուղղվեն դեպի ազդեցության վերականգնման փորձեր այդ նույն Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում։ Այդ պահին Թուրքիան, չունենալով ամուր արևմտյան աջակցություն, կգտնվի շատ ավելի խոցելի վիճակում Ռուսաստանի հետ մրցակցության դաշտում։ Հետևաբար, այժմ Թուրքիան փորձում է ժամանակ շահել՝ ամրացնելով սեփական դիրքերը տարածաշրջաններում, որտեղ փորձում է «խաղադաշտը վերաձևել» իր օգտին և միաժամանակ դառնալ ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար անփոխարինելի գործընկեր՝ այդ ամենը ամրագրելով ոչ միայն ՆԱՏՕ-ի ներսում ունեցած դերակատարությամբ, այլև որպես էներգետիկ հանգույց, տրանսպորտային միջանցքների կենտրոն, միգրացիոն ճնշումների կառավարման գործիք և, ի վերջո, որպես գործընկեր, որն ունակ է հավասարակշռելու թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ մասամբ Չինաստանին որոշ տարածաշրջաններում։

Թուրքիայի պանթուրքական նախագծերը իրենց սուր ծայրով ուղղված են նաև Ռուսաստանի ներսում գտնվող թուրքական և մուսուլմանական հանրույթների հետ սիմվոլիկ կապեր ստեղծելուն, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես խորքային մարտահրավեր Ռուսաստանի բազմազգ կառուցվածքի կայունությանը։ Բացի այդ, Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանի միջոցով նույնպես ազդում է Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասի անվտանգության հիմնական արբիտրի կերպարի վրա։ Այդ ամենը ժամանակի ընթացքում ավելի է սրում ռուս-թուրքական մրցակցությունը՝ ի հեճուկս կարճաժամկետ առևտրային ու տակտիկական համաձայնությունների։

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է հավասարակշռել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի, Եգիպտոսի և մի շարք այլ դերակատարների շահերը։ Սակայն Ուկրաինայի պատերազմի հետևանքով նրա հնարավորությունները թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումով կրճատվել են։ Մինչդեռ Թուրքիան, օգտվելով իր աշխարհագրական դիրքից և ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքից, փորձում է այդ տարածքներում ևս նախաձեռնող դիրքեր զբաղեցնել՝ հաճախ հանդես գալով որպես միջնորդ կամ հումանիտար կամ լոգիստիկ հանգույց։

Այս առումով, երբ Ռուսաստանը քաշվում է հետ կամ նվազեցնում իր ստանձնած պարտավորությունների ակտիվությունը, Թուրքիայի ազդեցության աճն անխուսափելի է դառնում, որովհետև տարածաշրջանի երկրները միշտ հակված են համագործակցել այն ուժի հետ, որն ունի ռեսուրս և պատրաստակամություն իրականացնելու իր խոստումները։ Եթե Մոսկվան չի կարող ապահովել այնպիսի ներգրավվածություն, ինչպիսին նախկինում, ապա պետությունները, որոնք նախկինում կողմնորոշվում էին դեպի ռուսական հովանավորություն, սկսում են ավելի ակտիվ նայել դեպի Անկարա։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ հեռանկարային առումով Ռուսաստանի տարածաշրջանային գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե ԱՄՆ-ը կամ Եվրոպան, այլ հենց Թուրքիան։ Սա մի իրողություն է, որը Մոսկվայում պետք է հաշվի առնեն՝ հատկապես իրենց ապագայի ռազմավարական տեսլականը գծելու տեսանկյունից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation