Քննարկվել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, որի տարածքում գործում է նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Նախարարի տեղակալը մարզադպրոցի տնօրեն, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական և մարզումային պայմաններին:
Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել մարզադպրոցի սաների, մարզիչ-մանկավարժների հետ, ինչպես նաև հավաքականում ընդգրկված մազիկների և մարզիչների հետ:
Հավաքականն այժմ պատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանի հավաքականի մարզիկները մրցումներին մասնակցելու են օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ և վազող թիակ մրցաձևերում: Հավաքականն այժմ ակտիվորեն մարզվում է՝ բարձր արդյունքներ ապահովելու ակնկալիքով:
«Հայաստանն ունի հրաձգության ձևավորված ավանդույթներ և մշակույթ. պետք է անենք ամեն ինչ արդյունքների լավարկման համար: Այս առումով ազգային հավաքականի թիմից սպասելիքները մեծ են»,-ասել է Հասմիկ Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին ու մարզիչներին ամենօրյա աշխատանքի համար:
Նախարարի տեղակալը ծանոթացել է ԵԱ-ի նախապատրաստական աշխատանքներին, քննարկել առաջնության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր: Նշվել է, որ Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ակնկալվում է ավելի քան 4 տասնյակ երկրների մասնակցություն:
Հասմիկ Ավագյանը կարևորել է ԵԱ-ի պատշաճ անցկացումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և ֆեդերացիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի Հայաստան ժամանող մարզիկները, միջազգային մրցավարներն ու հյուրերը համոզվեն՝ Հայաստանը բարձրակարգ սպորտային միջոցառումների կազմակերպման լուրջ ներուժ ունի: Նշվել է, որ Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պատշաճ կազմակերպման նպատակով նախարարության աջակցությամբ համապատասխան գույքի ձեռքբերում է նախատեսվում, որը հետագայում՝ առաջնության ավարտից հետո, կտրամադրվի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին՝ ուսումնական և մարզական նպատակներով օգտագործելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



