Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները
ANALYSISՀայ առաքելական եկեղեցու և նրա հովվապետի դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը, կարծես, փոխում է շեշտադրումները։ Ամիսներ շարունակ շահարկելով կուսակրոնության թեման, կաթողիկոսին և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրելով այն խախտելու մեջ՝ Փաշինյանը, ըստ երևույթին, հասկացել է, որ դա բավարար ազդեցություն չի ունենում հանրային տրամադրությունների վրա։ Ավելին, հայությունը ավելի է համախմբվել եկեղեցու և կաթողիկոսի շուրջ, իսկ զավակ ունենալու մեղադրանքները լուրջ չի ընդունում։ Ուստի և, գործող իշխանությունները եկեղեցու դեմ նոր «հին» սկավառակն են գործի գցել՝ կաթողիկոսին մեղադրելով գործակալ լինելու մեջ։
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանը կուսակրոնության, եկեղեցու բարենորոգումների մասին չի խոսել, փոխարենը հայտարարել է, թե իրեն պետք չէ այնպիսի կաթողիկոս, որը իրեն կենթարկվի։ «Ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Ես բացարձակապես նման նկրտումներ չունեմ»,-ասել է Փաշինյանը և հավելել «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա: Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ-գնդապետները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների, չեն փրկի»:
«Գործակալության» մեղադրանքը հոգով ու մարմնով գործակալ այս իշխանությունները կիրառում են բոլոր ընդդիմախոսների դեմ, եկեղեցին էլ, բնականաբար, բացառություն լինել չէր կարող։ Միևնույն ժամանակ, սա նշանակում է, որ գործող իշխանությունները որևէ ռեալ ապացույց չունեն եկեղեցու դեմ պայքարում և, օգտագործելով մաշված ու ժամկետանց թեզերը, պարզապես ձգում են իրենց լիակատար ֆիասկոյի ժամանակը։
Տաթևիկ Բադալյան



