Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգն ունի բացառապես ընթացակարգային բնույթ և նպատակ ունի ապահովել օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունների գործնական իրագործումը՝ հստակեցնելով ստուգման իրականացման հիմքերը, փուլերը, մեթոդները, տվյալների հավաքագրման և գնահատման կարգը։ Կարգը չի սահմանում կուսակցությունների համար որևէ պարտականություններ։
Հաշվի առնելով կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների կարևորությունը հանրային վստահության ամրապնդման, քաղաքական ֆինանսավորման թափանցիկության և հակակոռուպցիոն վերահսկողության շրջանակներում՝ անհրաժեշտ է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների համար հաստատել հստակ, փուլային և ստանդարտացված ընթացակարգ։
Նախագծով սահմանվում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ ֆինանսական աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ տվյալների ստուգման կարգը։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման համար հիմքեր են հանդիսանում պարտադիր աուդիտի ենթակա լինելը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող գրավոր դիմումները, լրատվամիջոցների՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող հրապարակումները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները, հանձնաժողովի նախաձեռնությունը:
Կարգի համաձայն՝ ստուգումը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ տվյալների հավաքագրման, տվյալների համադրման և արձանագրության կազմման, տվյալների գնահատման և ամփոփման։ Յուրաքանչյուր փուլ ներառում է օրենքով նախատեսված դրույթների գործնական ստուգման մեթոդաբանություն՝ հարցումների, հաշվարկների, զննման, արտաքին հաստատման և տվյալների հավաքագրման: Կարգը սահմանում է նաև ընթացակարգեր՝ տեխնիկական թերությունների շտկման, շեղումների հայտնաբերման, արձանագրման և գնահատման համար։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաշվետվողականության և վերահսկողական գործընթացների արդյունավետությունը, ապահովել հանձնաժողովի գործառույթների իրագործման իրավական հստակությունը և կանխատեսելիությունը, նվազեցնել կամ կանխել ֆինանսական անճշտությունները և հնարավոր չարաշահումները, նպաստել հանրային վստահության ամրապնդմանը կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության նկատմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



