Կարանտի՞ն, թե՞ հեռավար ուսուցում․ երեխաները բարձր ջերմությամբ գալիս են դպրոց․ ի՞նչ որոշում է կայացվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին Հայաստանում վիրուսային իրավիճակը զգալիորեն սրվել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը լարված է։
MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է, նրանք նշում են, որ ավելի լավ է կարանտին հայտարարվի, որ բոլորը լավանան, այլ ոչ թե անվերջ մեկը մյուսին վարակի։
Հայաստանում շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վիրուսի ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչներ։
Նախարարը հայտնել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
MediaHub-ին դիմեց ԿԳՄՍ նախարարությանը հասկանալու՝ ի վերջո ի՞նչ են որոշել Առողջապահության նախարարության հետ, արդյո՞ք դասերը կարող են հեռավար անցկացվել, կամ կարանտին հայտարարվի։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր գրություն է ստացել Առողջապահության նախարարությունից, որով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառել համաճարակային ֆիլտր՝ հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ՝ հատկապես 0-18 տարեկանների շրջանում»,- նշեցին նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանը հայտնեց, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել համաճարակային ֆիլտրի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:
«Դպրոցներին հանձնարարվել է նաև հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում սովորողների համար կազմակերպել հեռավար ուսուցում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի 09-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի պահանջներով։ Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին ՀՀ հանրակրթական դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցել սովորողների ընդհանուր թվի 15 տոկոսը, ինչը նորմայի շրջանակում է»,- նշեց Վահանյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



