Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն. Հայր Ասողիկ Կարապետյան
BLOGՍուրբ Պատարագի արարողությունը Սբ Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է:
Սուրբ Պատարագի արարողությունն այն աղբյուրն է, որը կյանք, հույս, հարություն, քավություն և թողություն է շնորհում Տիրոջն ապավինած և ապաշխարող հավատավոր անձին:
Սուրբ Պատարագն այն արարողությունն է, որով Սբ Եկեղեցին՝ որպես մեկ միտք, մեկ հոգի, մեկ մարմին, մեկ անձ՝ իր ողջ նվիրապետությամբ և հավատացյալ ժողովրդով, դավանում է իր սուրբ և ուղղափառ հավատքը, հիշատակելով Սբ Եկեղեցու Հայրապետին և թեմակալ առաջնորդին՝ սահմանադրում և հռչակում է Սբ Եկեղեցու առաքելական ծագումն ու նվիրապետական միությունը, ճաշակելով Տիրոջ Սբ Մարմինն ու Սբ Արյունը՝ Սբ Հաղորդությունը, կազմավորում է Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդկան մարմինը:
Եվ ահա այս ահեղ խորին խորհուրդը մի քանի նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներ վերածել են խելահեղ արկածախնդրության: Բայց Սուրբ Պողոս առաքյալի խոսքը, արդարև, վկայում է, որ Ամենակալ Աստված արժանին է հատուցելու բոլորին՝ ամբարտավան ու ամբարիշտ եպիսկոպոսներին, նրանց կամակից մի քանի անարժանապատիվ քահանաներին և անզգամ պաշտոնյաներին. «Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա. Կորնթ. ԺԱ. 28-31):
Սիրելի հավատավոր ազգակիցներ,
Արթո՛ւն մնացեք և անսասա՛ն, ի սրտե աղոթեցե՛ք՝ ընդմիշտ փարված մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Թող ոչ ոք Ձեզ չխաբի և չմոլորեցնի՝ ինչպես սատանան, որ հայրն է ստության, ապստամբության և կործանման. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընտրված Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովով, ցկյանս է, ուստի որևէ ոտնձգություն Հայրապետի նկատմամբ՝ բացառապես օրինազանցություն է, նվիրապետական սուրբ կարգի դեմ ապստամբություն է, աստվածուրաց բռնություն է:
Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն, քանզի Հայոց Եկեղեցում ամեն բան կարգավորյալ է, Հայոց Եկեղեցում գոյություն չունեն հիմնախնդիրներ (իսկ ընթացիկ հարցերն էլ միշտ ստացել, ստանում և ստանալու են իրենց պատշաճ լուծումները):
Հայոց Եկեղեցու Հովվապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենայն իմաստությամբ և շնորհալի առաջնորդությամբ շենություն ու պայծառություն է բերել մեր եկեղեցական կյանքին ու անդաստանին: Մեր հոգևոր կյանքում միակ և հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունեությունն է և մահացու ագահությունը՝ անձնական շահով խարանված, որոնք էլ նրանց մղել են այս պախարակելի ու դատապարտելի արարքին՝ ընդդեմ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Առաջ Աստված, սա՛ էլ, նրա՛նք էլ կանցնեն:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն



