Հայաստանի արևմտամետների ճամբարում խժդժություններ են
ANALYSISՀայաստանում իշխանությանը սերտաճած արևմտամետների ճամբարում լուրջ խռովություններ են սկսվել։ Ըստ ամենայնի, արևմտամետներին չի հաջողվի խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեկ դաշինքի կազմում, և պատճառը կրկին Վաղարշապատի ընտրություններն են։ Հիշեցնենք, այնտեղ «Հանրապետություն» կուսակցությունը 3,9% ձայն էր ստացել՝ չկարողանալով անցնել ավագանու կազմ։
Իսկ ողջ ընթացքում «Հանրապետություն» կուսակցությանը միայն թեթև աջակցություն էին ցուցաբերել քաղհասարակության ներկայացուցիչները։ Հանրապետության գործընկերը, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունում՝ «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այդ օրերին զբաղված էր սեփական քարոզչությունն իրականացնելով տարբեր մարզերում և նույնիսկ մեկ օր չեն եկել Էջմիածին՝ աջակցելու «Հանրապետություն» կուսակցությանը, ուստի և Արամ Սարգսյանն ավելի հակված է ընտրություններին միայնակ, սեփական կուսակցությամբ մասնակցելու հնարավորությանը։
Կարծում է, որ իրեն կհաջողվի միայնակ մասնակցելու դեպքում հաղթահարել 4%-ը և փոքր խմբակցություն ձևավորել նոր Ազգային ժողովում։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի էլ թաքցնում իր դժգոհությունը գործընկերոջից։ Վերջինս էլ քաղհասարակության ներկայացուցիչների և այլ քաղաքական ուժերի հետ ցանկանում է պահպանել «Եվրաքվեն» և այդ անունով մասնակցել ընտրություններին։
Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արամ Սարգսյանը մտադիր է թույլ չտալ նման զարգացում, քանի որ «Եվրաքվե» անունն արդեն ինքնին խնդիրներ կհարուցի «Հանրապետություն» կուսակցության համար՝ տանելով նրա որոշակի ձայները։
Աննա Մարգարյան



