«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռ ամիսներ առաջ, երբ մի քանի ընկերությունների՝ ԶՄՊԿ-ի, «Վիվա Արմենիայի» պարագայում պետությունն իր մասնաբաժինը ստացավ և սկսեց տնօրինել դրանք, փորձագիտական հանրույթն ակնարկեց՝ սա վատ նախադեպեր է ստեղծում մեր երկրի ներդրումային միջավայրի համար։ Իսկ ամիսներ առաջ սկսվեց ՀԷՑ-ի ազգայնացման-պետականացման պրոցեսը, որը վստահաբար նվազեցնելու էր Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված դրական միտումները։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ եթե ներդրումային միջավայրը պայմանական պատկերացնենք որպես շինություն, ապա ՀԷՑ-ի հետ կապված զարգացումները այդ շինությունից հերթական մեխի, առանցքի քանդումն են, հերթականը, բայց ոչ միակը։ «Հետևաբար, երբ խոսում ենք մեր ներդրումային գրավչությանը հասցված վնասների մասին, ՀԷՑ-ի օրինակը չենք կարող անջատ դիտարկել այն եղած նախադեպերից, որոնք արդեն իսկ կան և ֆիքսվել են։ Նաև իրավունք ունենք պնդելու, որ դրանք մեր ներդրումային միջավայրի վրա արդեն վիճակագրորեն էլ ունեն ազդեցություններ։ Մինչ այս պահը գուցե ՀԷՑ-ն ամենամեծ, պայմանական ասած, մեխն է, բայց դեռ չգիտենք՝ ինչ զարգացումների առաջ կկանգնենք։ Ընդհանուր առմամբ, սա արդեն վաղուց շարունակական գործընթաց է։ 2018 թվականի քաղաքական իրադարձությունները ներդրումային գրավչության համար խնդրահարույց էին, որովհետև ցանկացած ցնցում, հեղափոխություն տնտեսության համար սկզբնական շրջանում միառժամանակ ձևավորում է որոշակի անորոշություն, սպասողական իրավիճակ։ Ներդրողն իր գործունեությունն իրականացնելու համար առնվազն սպասում է հասկանալու, թե ինչ միջավայրի հետ գործ ունի, ինչպիսին կլինեն խաղի կանոնները, կփոխվեն դրանք, թե ոչ, փոխվելու պարագայում ինչպիսին կլինեն և այլն։ 2018 թվականից սկսած՝ օբյեկտիվորեն էլ հայտնվեցինք ներդրումային գրավչության համար անկայուն իրավիճակում։ Դա գումարվեց մեզ համար առանց այդ էլ խնդրահարույց ներդրումային միջավայրի գործոնին, այսինքն՝ ունենք արտաքին անվտանգային բաղադրիչ. տարիներ ի վեր փորձել են ներդրումային գրավչությունը հնարավորինս բարձրացնել, բայց ունեինք օբյեկտիվ գործոն։ Դրան գումարվեց 2018 թվականի քաղաքական իրադարձությունը, արդեն սուբյեկտիվ գործընթացները, կոնկրետ գործողություններ նշված ընկերությունների օրինակներով, և մինչև այս պահը վերջին արարը ՀԷՑ-ն է՝ իր բոլոր զարգացումներով և հետևանքներով։ Եթե ընդհանուր, ապա որևէ դրական բան ակնկալել ներդրումային գրավչության համար այս գործընթացներից հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Ներդրումային միջավայրը մի շարք գործոններով ու հանգամանքներով ձևավորվող միջավայր է, այն ունի քաղաքական, տնտեսական գործոններ, վերջինս ավելի լայն՝ հարկային քաղաքականություն, բիզնեսի համար միջավայրի ստեղծում և այլն։ Ներդրումային միջավայրն այն գործոնների ամբողջությունն է, որով պոտենցիալ ներդրողը կատարում է գնահատում՝ արժե՞, որ նա այնտեղ ներդրում կատարի և գործունեություն ծավալի, թե՞ ոչ։ Այդ գործոններից մեկը քաղաքական անկայունությունն է, իսկ տնտեսական քաղաքականությունը և դրա կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են մնացած գործընթացներին։ Եթե կրկին վերադառնանք ՀԷՑ-ի օրինակին, ապա ունենք մի քանի երևույթների ամբողջություն։ Մի կողմից՝ սա ակնհայտորեն քաղաքական գործընթաց է, դժվար է հիմնավոր կերպով դա հերքելը։ Մյուս կողմից՝ այս գործընթացի հայտարարվող մասն է խնդրահարույց։ Հայտարարվող մասով ունեցել ենք պնդում՝ իշխանությունների կողմից ազգայնացման նպատակ։ Եթե ազգայնացման քաղաքական գործոնը մի կողմ թողնենք, երբ ուսումնասիրում ենք միջազգային պրակտիկան, անգամ ազգայնացման դրական փորձերի պարագայում երկիրն անկայուն և վտանգավոր գործընթացով է անցնում, և երբ ազգայնացումը հաջողվում է, ենթադրենք, կազմակերպությունը ճգնաժամային իրավիճակում է, երկիրն այդ իրավիճակից դուրս բերելու համար անում է ազգայնացում և լուծում է խնդիրը, դրա չոր մնացորդում պետության ներդրումային գրավչությանը հարված է հասցվում։ Հաջողված դեպքերի պարագայում գուցե այն հասցվում է որոշակի ժամանակահատվածում, բայց հասցվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։
Ընդգծում է՝ մեր պարագայում ազգայնացման տնտեսական հիմնավորումներն էլ հիմնավոր չեն, այսինքն՝ տնտեսապես լիարժեք հիմնավորված չէ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը։ «Միևնույն ժամանակ նշենք՝ եթե խոսքն ազգայնացման մասին է, որովհետև այդ մասին հայտարարություններ կային, բայց նաև զուգահեռ կան հայտարարություններ, որ հնարավոր է այլ սեփականատեր այն ձեռք բերի։ Ունենք խնդրահարույց իրավիճակ ներդրումային գրավչության մասով, ընդ որում՝ խնդիրների մի փնջի առերեսվելու ենք, եթե ՀԷՑ-ի պարագայում տեղի ունենա այլ մասնավոր կազմակերպության կողմից դրա ձեռքբերում, խնդիրների այլ փնջի առերեսվելու ենք, եթե գործընթացն ազգայնացման ուղիով ընթանա։ Ցանկացած պարագայում այդ խնդիրների հավանականությունը բավական մեծ է։ Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա։ Դրա մասին առնվազն վիճակագրությունն այսօր մտածելու տեղիք է տալիս։ Այս տարվա վեց ամսվա ընթացքում ունենք ընդամենը 5 միլիարդ դրամի ներդրում, որը, երևի թե, հավասարազոր է ներդրում չունենալու, խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այդ ֆոնի ներքո իրավունք ունե՞նք ենթադրելու, որ գուցե հենց այդ գործողություններն են բերել այսօրվա վիճակագրությանը։ Առնվազն հակառակի հիմնավորումը չկա»,-նշում է մեր զրուցակիցը։
Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ ունենք ներքին ներդրումներ, քաղաքացիներ, որոնք ցանկանում են բիզնես հիմնել կամ ընդլայնել արդեն գոյություն ունեցողը։ Փորձագետն ասում է՝ այս առումով գուցե որոշակիորեն պարադոքսալ իրավիճակում ենք։ «Ներդրումային գրավչության, նախագծերի հետ տեղի ունեցող բացասական նախադեպը թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողի համար նախադեպ է։ Բայց այս նույն գործընթացների ընթացքում որոշակի ներքին աշխուժություն տեսնում ենք, և այդ պարադոքսալ վիճակը գուցե նաև պայմանավորված է մեր տնտեսության և տնտեսության աճի պարադոքսալությամբ։ Նախորդ տարիներին հստակ արտաքին ազդեցություններ եղան մեր տնտեսության վրա, դրանք թողեցին իրենց «արդյունքը» տնտեսության վրա՝ վիճակագրությամբ, որոշ ոլորտների աճերով և այլն։ Այդ ազդեցությունների արդյունքում որոշ ուղղություններում ունեցանք աշխուժություն, և այն, իհարկե, ոչ ցանկալի չափով, բայց որոշակիորեն նաև կապիտալիզացվեց, օրինակ՝ բանկային համակարգում, կարծես թե, այդ ամենի կապիտալիզացիայի հետ գործ ունենք, որովհետև մինչ այժմ ֆինանսական բնույթի ծառայությունները, բանկային համակարգի շահութաբերությունը բավական բարձր մակարդակում են գտնվում, չնայած պատճառ հանդիսացող արտաքին գործոնները, կարծես թե, ամբողջովին չեղարկվել են։ Երկրորդ հանգամանքը՝ մեր տնտեսությունն այսօր շինարարության ոլորտի մեծ աճերի ներքո է, և գաղտնիք չէ, որ այդ ոլորտում շատ մեծ ներդրումներ են արվում։ Որոշակի պատճառներով ձևավորվել է միջավայր շինարարության աշխուժության համար՝ եկամտահարկի վերադարձ և այլն, այն շահութաբերություն ապահովող ուղղություն է, թեկուզ ժամանակավոր, բայց այստեղ կա տնտեսական հետաքրքրություն, հետևաբար՝ նաև ներքին աշխուժություն։ Լավ է, որ գոնե այդ մասով ունենք որոշակի աշխուժություն, բայց խնդրահարույց է նրանով, որ ինչքան էլ հստակ լինեն այդ ազդեցությունները, դրանք ունեն ժամանակավոր բնույթ։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ առաջիկայում չի լինի որևէ այլ գործոն, որի ազդեցության ներքո նույն ոլորտների աշխուժությունը կպահպանվի։ Գուցե լինեն, գուցե նոր գործոններ ի հայտ գան, սա չի բացառվում, բայց ամեն դեպքում այն հանգամանքը, որ այսօր ունենք այդ ժամանակավոր բնույթի ազդեցությունները, առնվազն տալիս են մտահոգությունների և մտավախությունների տեղիք այդ նույն ոլորտների հետագա աճի հետ կապված։ Ի՞նչ կլինի այդ ոլորտների աշխուժության հետ, եթե հանկարծ այլ գործոններ չլինեն։ Ավելի գլոբալ մակրո մակարդակ գնանք՝ ի՞նչ կլինի տնտեսության աճի, ներքին ներդրումների, բիզնեսի աշխուժության և այլնի հետ։ Այստեղ կա անկայունության բավական մեծ գործոն։ Ի վերջո, ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության համար՝ լինեն ներդրումներ, թե պետական պարտքի ներքին ռեսուրսներ, որոշակի ժամկետայնության խնդիր ունի։ Դրանք հիմնականում ավելի կարճաժամկետ են և բարձր շահութաբերությամբ։ Սրանք, կարծես թե, ժամանակավոր են, իսկ ավելի երկարաժամկետում ունենք վատ նախադեպեր, որոնք չեն կարող հաշվի չառնվել, այսինքն՝ նման գործընթացների պարագայում դժվար է պատկերացնել ներդրողի, որը երկարաժամկետ նախագծի ներդրում կանի։ Շենքի կառուցման պարագայում միջնաժամկետ հետգնման ակնկալիք կա, բայց այժմ այսպիսի անորոշությամբ և նման նախադեպերով պատկերացնել մի ներդրողի, որը երկարաժամկետ՝ 10, 15 տարվա մեծ նախագծերի ներդրում կանի, դժվար է»,-հավելում է նա։
Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը տարիներ շարունակ ասում է՝ վատ չէ, որ կան կարճաժամկետ ազդեցություններ։ «Բայց խնդիրն այն է, որ, կարծես թե, ավելի շատ խարսխվում ենք կարճաժամկետ ազդեցություններից ինչ-որ բան քաղելու, դրանք շահարկելու վրա, քան մտածելու երկարաժամկետ կայուն աճի մասին։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



