Տարածաշրջանում անցած մեկ շաբաթում գրանցվել է 8 երկրաշարժ
SOCIETYՍեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, փետրվարի 4-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Գորի քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 4-5 բալ (մագնիտուդ 3.4): Փետրվարի 5-ին և 6-ին ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Թուրքիայում, երկուսը Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 3 և 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4 և 2.7), մեկը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) Չալդրան քաղաքից 15 կմ դեպի արևելք:
Փետրվարի 6-ին 3 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Ահար քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 31 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 7-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Փետրվարի 5-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում՝ Թայնան քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 55 մարդ, տուժել՝ 548-ը, 80-ը համարվում են անհետ կորած: Փլուզվել են շինություններ, այդ թվում՝ մեկ առևտրի կենտրոն, բազմահարկ մի քանի շենք: Փետրվարի 8-ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Պապուա Նոր Գվինեայի Պանգունա քաղաքից 92 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Փետ րվարի 10-ին 6.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի Օվալլե քաղաքից 40 կմ դեպի արևմուտք, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:



