Գազատարների չափագրման նպատակով կառավարությունը հատկացրեց ավելի քան 3 մլն դրամ
SOCIETYՀՀ կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2016 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 3 մլն 266 հազար դրամ՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ նշված ծրագրի շրջանակում ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից կառուցվել են գազատարներ, որոնք պետք է հանձնվեն համապատասխան համայնքներին, սակայն նշված գազատարների չափագրման համար համապատասխան գումար չի հատկացվել:
«Հատկացվող գումարով կիրականացվի գազատարների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գազատարները համայնքներին անհատույց հանձնումը և գազատարները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրումը»,- ասաց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ըստ գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագրի՝ 1 կիլոմետր գազատարի չափագրման արժեքը սահմանվել է 120 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ չափագրում իրականացնող ընկերությունը մրցույթային կարգո՞վ է ընտրվել, թե` ոչ:Սարգսյանը տեղեկացրեց, որ մրցույթ տեղի չի ունեցել, ընկերությունն աշխատել է նաև հանգստյան օրերին, միաժամանակ, աշխատանքների համար պահանջել ամենացածր գինը:



