Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Գևորգյան. Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը. հիշողություն, արժանապատվություն և երկխոսություն

POLITICS

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։

Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։

Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։

Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։

Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:

Անխուսափելի հարցը

Մեր առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․

ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։

Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։ Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ` ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։

Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։ Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ։

Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչ

Հայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։ Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։

Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։

Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։

Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։

Ռեալիզմ և ռազմավարական զգուշություն

Բաց լինելը երկխոսության նկատմամբ չպետք է նշանակի միամտություն կամ զգոնության կորուստ։ Ժամանակակից Թուրքիան վարում է նեոօսմանյան և պանթյուրքիստական քաղաքականություն՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը և կառուցելու «թյուրքական աշխարհ»։ Այդ ռազմավարությունն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի շահերին և նրա անվտանգությանը։ Մենք չենք կարող մեզ պատրանքներ թույլ տալ։

Ապագան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ուժ, ինստիտուցիոնալ կայունություն, ազգային շահերի և սուբյեկտայնության հստակ գիտակցում։ Մենք չենք փնտրում վստահություն․ մենք ձևավորում ենք այն հիմքը, որի վրա մեզ հետ հաշվի են նստում։ Այդ իսկ պատճառով հիշողությունը չի կարող ընկալվել որպես թուլություն, եթե այն միավորված է արժանապատվության և կանգուն լինելու կարողության հետ։

Ակնհայտ պետք է լինի, որ իրական հաշտեցումը հնարավոր է միայն արժանապատվության, ուժի, ռազմավարական հասունության և զգոնության համադրությամբ։ Ղարաբաղյան աղետից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի զուսպ վստահության և պատասխանատու փոխգործակցության ռազմավարությամբ, որտեղ բաց լինելն ուղեկցվում է սթափությամբ և ինքնապաշտպանվելու պատրաստակամությամբ։

Հիշողությունը որպես ուժ

Այս համատեքստում անհնար է չհիշել Իսրայելի փորձը։ Ժողովուրդ, որը կարողացավ Հոլոքոսթի հիշողությունը վերածել պետականության, ազգային արժանապատվության և անվտանգության հիմքի։ Իսրայելը ոչ միայն չմոռացավ, այլև չներեց։ Թույլ չտվեց, որ պատմական ողբերգությունը դառնա այլոց մեկնաբանությունների գործիք։ Իսրայելը հիշողությունը վերածեց ոչ թե էմոցիոնալ արձագանքի, այլ՝ բարոյական հենարանի և ուժի գործոնի։

Իհարկե, սա չի վերաբերում Իսրայելի՝ վերջին տասնամյակների քաղաքականության արդարացմանը։ Հայաստանը չպետք է կրկնի ուրիշի մոդելները։ Կարևոր է միավորել հիշողությունը պետական մտածողության, իսկ պատմությունը՝ ապագա սերունդների առջև պատասխանատվության հետ։ Հիշողությունը կարող է լինել ոչ թե ծանրություն, այլ ներքին զենք և սուբյեկտայնության երաշխիք։

Անհրաժեշտ է առանձնացնել նաև Իսրայելի փորձի մեկ այլ կարևոր կողմ՝ սփյուռքի դերը։ Հրեական համայնքներն ամբողջ աշխարհում դարեր շարունակ պաշտպանել են հիշողությունը, աջակցել պետության հաստատմանը, ձևավորել մտավոր և քաղաքական ազդեցություն։ Սա եղել է ոչ միայն պատմական առաքելություն, այլև ազգային անվտանգության գործիք։

Հայերի համար սփյուռքը միայն հիշողության պահապան չէ։ Դա հսկայական ստեղծարար ռեսուրս է՝ կրթության, մշակույթի, տնտեսության, դիվանագիտության և միջազգային կապերի աղբյուր։ Նոր իմաստներ չեն կարող ծնվել միայն Երևանում։ Դրանց անհրաժեշտ է սփյուռքի ձայնը, մեր ինտելեկտուալ կենտրոնների մասնակցությունը ողջ աշխարհում։ Ազգը, որն ունի սփյուռք, ունի նաև երկրորդ դիվանագիտական կորպուս, երկրորդ ինտելեկտուալ տարածք և իր հիշողությունը պաշտպանելու երկրորդ համակարգ։ Սա առավելություն է, որը մենք պետք է գնահատենք և վերածենք մշտապես գործող մեխանիզմի՝ ազգային ինքնության և արժանապատվության պաշտպանության համար։

Եզրափակում

Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ՝ անցյալի գերի։ Խոսքը ոչ թե ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ունենալու, այլ՝ տարածաշրջանի ընդհանուր պատմության մեջ հայկական ներդրումն ընդունելու մասին է։

Նոր խոսակցությունն սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ՝ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մենք չենք մոռանում և չենք զիջում։ Մենք ասում ենք՝ մենք եղել ենք, մենք կանք, և կլինենք, և մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank