Ի՞նչ է նշանակում, որ ինձ ցուցարարի պես եմ պահել, ես հրաժարականի պահա՞նջ եմ ներկայացրել. լրագրող
INTERVIEW
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին,այսօր ասաց, որ պատահում է, երբ լրագրողը դառնում է ցուցարար:
Ըստ Մելիքյանի` ոչ ոք չի ասում, որ լրագրողն իրավունք չունի հանդես գալ` որպես քաղաքացի, բայց եթե լրագրողը ցուցարարի կարգավիճակում է գնացել, այդ դեպքում նա դադարում է լրագրող լինել:
Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ իրեն հենց լրագրողներն են ասել, թե բռնության ենթարկված լրագրող Փայլակ Ֆահրադյանն իրեն ցուցարարի պես է պահել:
ԳԱԼԱ-ի լրագրող, մեր գործընկեր Փայլակ Ֆահրադյանը, Past.am-ին մեկնաբանելով Աշոտ Մելիքյանի ասածները, նշել է. «Շատ զարմանալի է, որ լրագրողը կամ լրագրողները նման բան են ասել: Կուզեմ մի հարց հստակեցնել` ի՞նչ է նշանակում, որ ինձ ցուցարարի պես եմ պահել, ես հրաժարականի պահա՞նջ եմ ներկայացրել , թե՞ ելույթ եմ ունեցել, գուցե ե՞րթ կազմակերպել: Ես այդ վերընշվածներից որևէ մեկը չեմ արել: Եթե այդ լրագրողը ցույցի տեղում է եղել, ասեմ, որ ինչպես ինքը, ես էլ եմ կատարել իմ մասնագիտական պարտականությունները: Չեմ ուզում լրագրողի արածին գնահատական տալ, սակայն կարող եմ ասել,որ դա լրագրողական էթիկայի և համերաշխության խախտում է: Սա գլխին սարքելու ձև է, կամ մեկի հրահանգով զանգել և գործընկերոջ վրա ցեխ շպրտել է: Ես նման մարդկանց չեմ համարում լրագրողներ, ավելի ճիշտ՝ «դիկտաֆոն բռնողներ»:
Հարցին՝ բռնությունների բողոքներն ի՞նչ ընթացքի մեջ են, Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց. «Բողոք ներկայացվել է, ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, եթե չեմ սխալվում, նաև Վլադիմիր Գասպարյանն էր ասել,որ ծառայողական քննություն է ընթանում: Հույս ունեմ,որ բռնություն գործադրած ոստիկանները կպատժվեն»:
Լևոն Փանոսյան




















































